շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
COVID-19-ի բուժմամբ զբաղվող բուժհաստատություններում ընտանեկան մթնոլորտ է․ Փաշինյանը ԲԿ-ի բակից լուսանկար է հրապարակել

COVID-19-ի բուժմամբ զբաղվող բուժհաստատություններում ընտանեկան մթնոլորտ է․ Փաշինյանը ԲԿ-ի բակից լուսանկար է հրապարակել

COVID-19-ի բուժմամբ զբաղվող բուժհաստատություններում ընտանեկան մթնոլորտ է հաստատված՝ բուժանձնակազմի եւ հիվանդների միջեւ: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում կորոնավիրուսով հիվանդների հարազատների կողմից իրականացված մաքրությանը։

<Այս դրվագը կարծում եմ՝ ավելի լավ պատկերացում է տալիս, թե ինչ կարծիքի են իրենք՝ կորոնավիրուսով վարակված մարդիկ եւ նրանց հարազատները իրենց մատուցվող առողջապահական ծառայությունների մասին:

Բայց իհարկե, ավելի լավ է չառնչվել այդ ամենի հետ: Այնպես որ՝ #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր>,- գրել է վարչապետը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում նույնպես լուսանկարներ են հրապարակվել, որոնց կից գրված է․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց հարազատներն են: Այս օրերին հարազատների համար էլ է բավական ծանր, քանի որ հիվանդանոցում պառկած բարեկամների հետ հեռահար են շփվում: Այնուամենայնիվ, հարազատները նախընտրում են ժամանակ առ ժամանակ գալ բուժկենտրոնի տարածք, թեկուզ պատուհանից տեսնել վատառողջ ընտանիքի անդամին:

Այսպես` մինչև բուժկենտրոնում բարեկամը կսնվեր և կստանար տվյալ ժամին նշանակված դեղորայքը, հարազատները որոշել են պարապ չնստել, օգնել բուժկենտրոնի բակը տվյալ պահին կարգի բերող աշխատակիցներին: Շնորհակալություն նման մոտեցման և մարդկային քայլի համար»:  

  • Կիսվել: