երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը թեթև է ընթանում պատվաստվածների շրջանում

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը թեթև է ընթանում պատվաստվածների շրջանում

Կորոնավիրուսի դրսևորումները խիստ տարբեր են տարբեր շտամների ժամանակ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանը: Խոսելով «Օմիկրոն» շտամի մասին՝ մասնագետը հայտնեց, որ այն թեթև է ընթանում պատվաստվածների շրջանում:

«Պատվաստված ազգաբնակչությունը թեթև է տանում, նրանք անգամ հոսպիտալացման կարիք չեն ունենում: Սակայն այն բոլոր դեպքերը, որ հոսպիտալացվում են, գնում են ծանր, ծայրահեղ ծանր դրսևորումներով, և մենք, ցավոք սրտի, ունենում ենք մահվան ելքեր՝ բարդություններով պայմանավորված»,- ասաց նա:

Ըստ մասնագետի՝ հիվանդությունն անկանխատեսելի զարգացում կարող է ունենալ, բարդությունները կարող են զարգանալ ժամերի ընթացքում:

«Անկանխատեսելի բարդություններ կարող են լինել անգամ այդ պահին միջին ծանրությամբ հոսպիտալացված պացիենտների մոտ»,- ասաց Ստեփանյանը:

Բժիշկը խոսեց նա հիվանդության բուժումից հետո քաղաքացիների մոտ հանդիպող բարդությունների մասին:

«Կան նաև տվյալներ հոգեկան հիվանդություններով պայմանավորված խնդիրների մասին, որոնք շատ երկրներում ախտորոշվում են, ինչպես նաև ինվալիդիզացիան՝ պայմանավորված թոք-սրտային անբավարարությամբ և ինսուլտների թվի բարձրացմամբ»,- ասաց Ստեփանյանը: 

Բժիշկը հորդորեց լուրջ վերաբերվել վարակին և պահպանել հակահամաճարակային կանոնները: 

  • Կիսվել: