չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Խտրական ստերեոտիպերի մի մասը ուսուցանվում է հենց կանանց կողմից կանանց նկատմամբ ու կանանց դեմ. Անդրեասյան

Խտրական ստերեոտիպերի մի մասը ուսուցանվում է հենց կանանց կողմից կանանց նկատմամբ ու կանանց դեմ. Անդրեասյան

Բացարձակ համաձայն չեմ Գեւորգ Պապոյանի այն դիտարկման հետ, որ մեր հասարակության մեջ չկա գենդերային խտրականություն: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կարծում եմ, որ մեր խնդիրների մի մասը սկսվում է նրանից, որ մենք մեր խոսքը սկսում ենք այդ բառերով։ Չգիտես ինչու՝ մեզ թվում է, որ եթե մեր դիմացինը կին է, ուրեմն այդտեղ մենք պիտի գենդերազգայն միջավայր ունենանք: Իրականում այդպես չի, մեր ստերեոտիպերի մի մասը ուսուցանվում է հենց կանանց կողմից կանանց նկատմամբ ու կանանց դեմ։ Այդ խնդիրը գիտակցելն է շատ կարևոր, իրականում կանանց թիրախավորումը, այդ թվում հանրային, ակտիվորեն իրականացվում է այլ կանանց կողմից։ Եվ սա նշանակում է, որ ոչ թե սեռն է որոշում մարդը գենդերային առումով խտրական է, թե ոչ, այլ դա որոշում է այդ մարդու համոզմունքների, դիրքորոշումների, պատկերացումների ամբողջությունը»,-ասաց նա:

Նախարարը նկատեց, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում դպրոցներում ուսուցիչների մես մասը կանայք են. «Չնայած այստեղ էլ մենք ունենք փոփոխություններ ու մեր նոր ուսուցիչների շուրջ 16%-ը տղամարդիկ են, որովհետև եթե ուսուցչի աշխատավարձը, վարձատրությունը մրցունակ է ու գրավիչ, ինքը նաև դառնում է աշխատանքային ճիշտ հեռանկար տղամարդկանց համար, որոնք պատկերացնում են, որ ընտանիքի հոգսը կարող են կրել՝ աշխատելով դպրոցում:

Մենք չենք կարող ենթադրել, որ եթե մի միջավայրում հիմնականում կանայք են, այդտեղ խնդիրներ չկան: Այդպես չէ»,-ասաց Անդրեասյանը:

  • Կիսվել: