Խոշոր հրդեհ Երևանում. «Վստրեչի» կամրջի տակ գտնվող տնակում առաջացած կրակի դեմ պայքարել է հրշեջների 1 մարտական հաշվարկ. կա վիրավոր
Նոյեմբերի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջի տակ հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի րոպե անց նմանատիպ ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։
Օպերատիվորեն ժամանում են ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։
Ժամանում են նաև Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվում է, որ հրդեհ է բռնկվել կամրջի տակ գտնվող փայտե տնակում, իսկ հրդեհի հետևանքով մի քաղաքացի ձեռքի հատվածում տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, ապա պարեկների, փրկարարների օգնությամբ նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո նրան տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Պողոսյանն ու Հովհաննես Դողանյանը։
Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։