երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Խոշոր հրդեհ Աբովյան քաղաքում նոր կառուցվող էլիտար շենքում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. տարհանել են 15 քաղաքացու

Խոշոր հրդեհ Աբովյան քաղաքում նոր կառուցվող էլիտար շենքում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. տարհանել են 15 քաղաքացու

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Անմար կրակի հուշարձանի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 15 քաղաքացու։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Այրվել են մալուխներ։

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գ. Սեդրակյանը։

 Դեպքի մասին տեղեկանալով ժամանել է նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում փաստաթղթեր են կազմվում։

  • Կիսվել: