Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes CLS63-ն ու Opel-ը, կա 5 վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Շիրակի փողոցում թիվ 21 շենքի դիմաց բախվել են Mercedes CLS63 և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժշիկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Հրայր Սանոսյանն ու Գարեգին Մադաթյանը։ Պարեկները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու վիրավորներից երեքին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Վ․ Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայութունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։


