երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Արարատի մարզում՝ բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը. ընտանիքի 6 անդամները հիվանդանոց են տեղափոխվել

Խոշոր ավտովթար Արարատի մարզում՝ բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը. ընտանիքի 6 անդամները հիվանդանոց են տեղափոխվել

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 20:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Mercedes ու Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գ. Մանուկյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներն ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, նրանց 2 անչափահաս երեխաները և երեխաների տատն ու պապը, Ford Transit -ն էլ բարձած է եղել ապրանքով, որը թափվել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: