Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են
Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի Արալեզ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 25-ամյա Անդրանիկ Մուրադյանի վարած UAZ մակնիշի և 37-ամյա Մուշեղ Միրանյանի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկների հեթապահ խումբն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վիրավորներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով:
Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել մի քանի գյուղերը սնուցող գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք: Օպերատիվ են գործել «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի Վեդու ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես դադարեցրել են գազի արտահոսքը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գազախողովակը վերականգնելու ուղղությամբ, որպեսզի գյուղերում վերականգնվի գազամատակարարումը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի ենթարկվածները հարսանքավորներ էին, ովքեր մեկնում էին արարողությանը մասնակցելու: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետը: