շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց կրթամշակութային ամառային դպրոցը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց կրթամշակութային ամառային դպրոցը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց հունիսի 1-ից մեկնարկած ամառային դպրոցը: Ամռան երեք ամիսների ընթացքում աշխարհի տարբեր երկրներից (Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Բելգիա, Շվեյցարիա և այլն) հայ և օտարազգի շուրջ 80 երեխա մասնակից դարձավ գրադարանի կազմակերպած կրթամշակութային, ճանաչողական, ժամանցային այցերին ու միջոցառումներին:

Գրադարանում երեխաները մասնակցել են գրքի ընթերցումների ու քննարկումների, սովորել ասեղնագործել ու շախմատ խաղալ, կատարել ամառային հանձնարարությունները, խորացրել օտար լեզուների իմացությունն ու նոր գիտելիքներ ձեռք բերել «Ես և շրջակա միջավայրը», «Հայտնագործության պատմություններ», «Հայրենագիտություն», «Աշխարհի շուրջ» խորագրերով թեմատիկ զրույցների շնորհիվ: Երեխաների առօրյայում կարևոր տեղ է հատկացվել առողջ ապրելակերպին՝ օրը նախավարժանքով սկսելու ու բակային խաղերով դասընթացներն ընդմիջելու միջոցով:

Երեխաների համար կազմակերպվել են նաև ինտերակտիվ խաղեր, մուլտֆիլմերի դիտումներ ու հեքիաթապատումներ, արվեստի ժամին մատուցվել են թատրոնի ու երաժշտության պատմության մասին տեղեկություններ: Ամառային դպրոցի սաներն ունեցել են նաև արտագրադարանային այցելություններ՝ Խամաճիկների պետական թատրոն, Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան, Մատենադարան ու «Մուլտարտ» անիմացիոն ստուդիա:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը շնորհավորում է բոլոր դպրոցականներին և ուսուցիչներին Գիտելիքի տոնի առթիվ՝ մաղթելով բեղմնավոր ուսումնական տարի:

 

  • Կիսվել: