ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԿԳՄՍՆ-ում շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է ուսուցիչների և խորհուրդների անդամների բարեվարքության կանոնների նախագիծը

ԿԳՄՍՆ-ում շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է ուսուցիչների և խորհուրդների անդամների բարեվարքության կանոնների նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ, տեղեկացնում են նախարարությունից։ Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը: Հանրային քննարկման մասնակիցներն էին կրթական ոլորտի ներկայացուցիչները, այդ թվում՝ տնօրեններ, ուսուցիչներ, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների` ոլորտը համակարգող ստորաբաժանումների աշխատակիցներ:

Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել նախագծի շուրջ հետաքրքրություն ցուցաբերելու համար և նշել, որ նախագիծը տեղադրված է հանրային քննարկման էլեկտրոնային հարթակում, սակայն շատ կարևոր է նաև քննարկման դեմ առ դեմ ձևաչափը, որը հնարավարություն կտա լսելու առաջարկներն ու նկատառումները, կատարելագործելու և լրամշակելու փաստաթուղթը:

«Փաստաթուղթը մշակելիս փորձ է արվել անդրադառնալ շահակից բոլոր կողմերին՝ ինչպես դպրոցի կառավարման մարմնին, այնպես էլ մանկավարժներին ու աշակերտներին, քանի որ էթիկապես ճիշտ կառուցված հարաբերությունները հնարավորություն կտան բարելավելու կրթության որակը, բարձրացնելու բոլոր կողմերի՝ առավել արդյունավետ աշխատելու մոտիվացիան»,- ասել է Ա. Սվաջյանը:

Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը հակիրճ ներկայացրել է նախագծի ընդհանուր դրույթները՝ ընդգծելով, որ նախագիծը հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի մասնակիցների գործունեությունը կարգավորող յուրահատուկ վարքականոն է, որն ուրվագծում է հարաբերությունների այն ոլորտը, որը չի կանոնակարգվում իրավական նորմերով: «Նախագիծը մշակվել է՝ համագործակցելով շահագրգիռ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:

Բարեվարքության կանոնների մշակման և դպրոց ներմուծելու առանցքային նպատակն է լավագույն կրթական միջավայրի ձևավորմանը նպաստելը»,- ասել է Ա. Բաղդասարյանը: Հանդիպմանը ներկաները բարձրաձայնել են նախագծի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, ներկայացրել առաջարկներ, որոնց առնչությամբ տրվել են պարզաբանումներ:

Հիմնական հարցերը վերաբերել են կառավարման խորհուրդների բովանդակության վերանայման, փաստաթղթի կիրառելիության ապահովման, չափելիության, վերահսկողական գործիքների ներդրման, կարգապահական պատասխանատվության միջոցների բացակայության խնդիրներին, ինչպես նաև ձևակերպումների վերանայման անհրաժեշտությանը:

Քննարկման մասնակիցներին առաջարկվել է բոլոր նկատառումները ներկայացնել գրավոր, որոնք, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն նախագիծը լրամշակելիս: Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները հնարավոր է ներկայացնել e-draft տեղեկատվական հարթակում մինչև փետրվարի 11-ը:

  • Կիսվել: