ԿԳՄՍՆ տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարի տեղակալ Անդրեյ Կորնեևի հրավերով և ուղեկցությամբ այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի հարևանությամբ գործող «Սիրիուս» կրթական կենտրոնի գործունեությանը, շրջայց է կատարել ֆեդերալ տարածքում տեղակայված տարբեր հաստատություններում, այդ թվում՝ կրթական կենտրոնում, հանրակրթական և երաժշտական դպրոցներում և այլն:
Հյուրընկալող կողմը ներկայացրել է իրականացվող ծրագրերն ու դասընթացները, «Սիրիուսում» կազմակերպվող լաբորատոր հետազոտությունները, մրցույթները և այլ նախաձեռնություններ:
Այցի ընթացում, ի թիվս Հայաստանում «Սիրիուս» մոդելով լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն հիմնելու ռուսական կողմի առաջարկի և ներկայացված նախագծի, անդրադարձ է կատարվել նաև մի շարք երկկողմ այլ հարցերի, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում հայ բնակչության խիտ բնակեցված վայրերում հայերենով կրթության կազմակերպմանը և դաշնային ցանկում «Մայրենի լեզու» և «Մայրենի գրականություն» հայալեզու դասագրքերի համալրման և տրամադրման հարցերին, ինչպես նաև Հայաստանում հանրակրթական նոր չափորոշչին համապապատասխան ռուսաց լեզվի դասագրքերի մշակմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցով քննարկումներն աշխատանքային մակարդակով առաջիկայում վերսկսելու ուղղությամբ։
Այցի ավարտին երկու գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են նաև կրթության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը և համատեղ ծրագրերի հետագա իրականացումը:
«Սիրիուսը» հիմնադրվել է 2025 թվականին՝ նախկին Օլիմպիական պարկի տարածքում 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերից հետո՝ տաղանդավոր աշակերտների և երիտասարդների անձնական և մասնագիտական աճին աջակցելու, դպրոցական մակարդակից գիտության, տեխնոլոգիաների, արվեստի և սպորտի ոլորտներում իրենց ունակությունները զարգացնելու համար: Ի թիվս այլ ծրագրերի՝ «Սիրիուսի» կողմից կազմակերպվում են 24-օրյա լրացուցիչ կրթության դասընթացներ արվեստի, սպորտի և գիտության ոլորտներում շնորհալի երեխաների համար, որին յուրաքանչյուր ամիս մասնակցում է 10-17 տարեկան շուրջ 800 աշակերտ։