ԿԳՄՍՆ-ն իր միջոցներից վերաբաշխում կանի մի շարք դպրոցների շենքային պայմանները բարելավելու համար
Նախատեսվում է 2025 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ին կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 525 մլն 496 հազար 400 դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք դպրոցների շենքային պայմանների բարելավման համար: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 3-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
«Մասնավորապես, նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել 1 դպրոցի 1 մասնաշենքի նորոգման աշխատանքների, 82 դպրոցի՝ նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության համար, 1 դպրոցի՝ կառուցված մարզադահլիճի գազիֆիկացման, ինչպես նաև վերանորոգման ընթացքում գտնվող 21 դպրոցների՝ հսկողության գումարների ապահովման համար»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ իրատեսակա՞ն է, որ 1 տարում աշխատանքները կավարտվեն, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձագանքեց՝ այս տարեվերջին արդեն մոտ 80-100 նորոգված դպրոցներ պատրաստ կլինեն: «Ցանկում ներառված 120 նորոգվող դպրոցները պետք է ավարտված, նորոգված լինեն մինչև 2026 թվականի ձմռան ամիսները, որպեսզի սեպտեմբերին այդ դպրոցներում հնարավոր լինի նոր միջավայրում դասապրոցես կազմակերպել»,- տեղեկացրեց նա:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև որոշ դպրոցների վերանորոգման մասով մասնագետների արձագանքը. «Մենք ուզում ենք հիմնանորոգման ենթակա դպրոցներ գտնել, և պրոբլեմ է, որովհետև դպրոցների մեծ մասում մասնագետներն առնվազն խորհուրդ են տալիս, որ միջնաժամկետում ավելի ճիշտ է, որ այս շենքը քանդվի, նորը կառուցվի»: