ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԿԳՄՍ նախարարը և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը քննարկել են կրթական և մշակութային համագործակցության նոր հնարավորությունները

ԿԳՄՍ նախարարը և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը քննարկել են կրթական և մշակութային համագործակցության նոր հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

 

Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է դեսպան Չեպլակին և համոզմունք հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությամբ կնպաստի հայ-լեհական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը:

«Լեհաստանի հետ բարեկամական լավ հարաբերություններ ունենք և շատ ենք կարևորում մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով»,- ասել է Վահրամ Դումանյանը՝ մասնավորապես շեշտելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության, կրթության և սպորտի բնագավառներում 2022-2026 թվականների» համագործակցության ծրագրի մշակումը, որի նախագիծն ամփոփիչ փուլում է:

Ծրագիրը ներառում է նաև համալսարանական կրթաթոշակային ծրագիր իրականացնելու հնարավորությունը, ինչը կողմերը հատուկ կարևորել են՝ ընդգծելով, որ ուսանողների փոխանակումը կրթական համագործակցության և միջմշակութային երկխոսության լավագույն դրսևորւմներից է:

Դեսպան Պավել Չեպլակը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար՝ նշելով, որ լեհական կողմը ևս հետաքրքրված է երկու երկրների միջև մշակույթի, գիտության, կրթության և սպորտի բնագավառներում 2022-2026 թվականների գործնական ծրագրի իրագործմամբ՝ հույս հայտնելով, որ համագործակցության պայմանագիրը կստորագրվի ամենասեղմ ժամկետում:

  • Կիսվել: