շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, կապիտան Անդրանիկ Կարենի Գրիգորյանի հիշատակին նվիրված ֆիլմի շնորհանդեսը

Կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, կապիտան Անդրանիկ Կարենի Գրիգորյանի հիշատակին նվիրված ֆիլմի շնորհանդեսը

Սեպտեմբերի 12-ին Գավառի՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, ԿԱ. ԷՍ 19 հրետանային հաշվարկի հրամանատար, կապիտան Անդրանիկ Գրիգորյանի հիշատակին նվիրված «Անմահության հետքերով» խորագիրը կրող փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը և հուշ-ցերեկույթը, հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

Միջոցառմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը, Անդրանիկի ծնողներն ու հարազատները, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչներ, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, համայնքների բնակիչներ, հյուրեր։

Անդրանիկ Գրիգորյանին և հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած մնացած հերոս տղաներին ուղղված հիշատակի և մեծարման խոսքեր հնչեցրին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, այլ պաշտոնյաներ։

Ֆիլմում գեղարվեստական լուծումներով մասնրամասն ներկայացվեց հերոսի զինվորական կենսագրությունը, նրա քաջագործություններն ու հերոսացումը, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատերազմին կամավորագրված Անդրանիկի հոր՝ Կարեն Գրիգորյանի ու Անդրանիկի զինվորական եղբոր՝ Մերուժան Գրիգորյանի գործուն մասնակցությունը պատերազմին:

Ֆիլմը նկարահանել է Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության անդամ, կինոսցենարիստ Սամվել Թադևոսյանը, ով «Արդարության մարտիկներ» անունը կրող ֆիլմաշարի հեղինակ է։
Կինոմատոգրաֆիայի բնագավառում ունեցած ավանդի ու նվիրումի և «Անմահության հետքերով» փաստավավերագրական ֆիլմի ստեղծման համար կինոսցենարիստ Սամվել Թադևոսյանը խրախուսվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով։

Շնորհանդեսը եզրափակվեց գեղարվեստական կատարումներով։

  • Կիսվել: