ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն ուղղված է ոչ միայն արցախահայության, այլև կրոնական, հոգևոր-մշակութային կոթողների դեմ. Գարեգին Երկրորդ

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն ուղղված է ոչ միայն արցախահայության, այլև կրոնական, հոգևոր-մշակութային կոթողների դեմ. Գարեգին Երկրորդ

Հունիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. պատերազմի հետևանքները» առաջին միջազգային համաժողովի մասնակիցներին։

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» նախագահ Գոռ Մնացականյանը տեղեկացրել է, որ Հայաստան են ժամանել իրավաբաններ և միջազգային իրավունքի առաջատար փորձագետներ 16 երկրներից՝ քննարկելու 44-օրյա պատերազմի արդյունքում արցախահայության, ռազմագերիների, տեղահանված անձանց իրավունքների ոտնահարումներին և միջազգային արդարադատությանն առնչվող խնդիրները:

Հանդիպմանը Նորին Սրբությունը, ընդգծելով միջազգային գիտաժողովի կարևորությունը, հատկապես հայ ժողովրդի համար այս դժվարին ժամանակներում, հույս է հայտնել, որ իրավաբաններն ու միջազգային իրավունքի առաջատար փորձագետները, հաղորդ կդառնան Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին և միջազգային հարթակներում կպաշտպանեն հայ ժողովրդի արդար իրավունքները։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել նաև արցախյան 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, գերիների վերադարձման խնդրին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությանը, որն ուղղված է ոչ միայն արցախահայության, այլև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված համամարդկային նշանակություն ունեցող կրոնական, հոգևոր-մշակութային կոթողների դեմ։

 
 

Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքն է փոխանցել գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին նման կարևոր նախաձեռնություն դրսևորելու համար՝ փորձելով նպաստել հետպատերազմյան դժվարությունների հաղթահարմանը։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը պատասխանել է նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին հայկական հոգևոր արժեքների պահպանությանը և այդ ուղղությամբ Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքներին։

  • Կիսվել: