երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունը

Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի արտադրական գործունեությունը:
 
ՍԱՏՄ-ից տեղեկացնում են՝ կասեցման հիմք են հանդիսացել տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից արձանագրված մի շարք խախտումներ:
 
Մասնավորապես՝
 
Երևան, Հրաչյա Քոչար 2ա հասցեում գործող արտադրամասում՝
 
առաստաղը չի ապահովել մասնիկների թափվելու և բորբոսի առաջացման վտանգի կանխարգելումը.
 
սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական տարածք.
 
չեն եղել ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար անհրաժեշտ սարքեր:
 
Երևան, Շինարարների 12 հասցեում գործող արտադրամասում՝
 
պատերը, դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից.
 
արտադրական սարքավորումները, այդ թվում՝ եփման վառարանն ու դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են սննդամթերքի հետ, չեն գտնվել նորոգ ու բարվոք վիճակում:
 
Տեսչական մարմնի կողմից սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

  • Կիսվել: