Կառուցապատում չի եղել, ենթադրվող հողային աշխատանքները կանխվել են. Ավինյանը՝ Վ. Բալասանյանի՝ հող «զավթելու» լուրի մասին
Երեւանի քաղաքապետարանի այսօրվա՝ հոկտեմբերի 7–ի խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ համացանցում տարածված տեսանյութին, որտեղ ակտիվիստ Արթուր Չախոյանը ներկայացնում է, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Երեւանի Նոր Նորքի 4–րդ զանգվածում հող է զավթել եւ այրում է կանաչ ծառերը։
«Համացանցում տեսանյութ էր տարածվել, որ հողի ինչ–որ մի հատված գրավել են, հարթեցնում են, շինարարություն է իրականացվում»,–ասաց Ավինյանը։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանն ասաց. «Իրականում այդ հատվածում, որը ներկայացվել է որպես զավթված հող, դիմացի տանը, որը պատկանում է Վիտալի Բալասանյանի ազգականին, որն ունի սեփականության վկայական, դիմացի հատվածում եղել է կուտակված աղբ, ճյուղեր եւ այլն։ Ես եւ պարոն Բեգոյանն այցելել ենք այնտեղ, որեւէ ծառ կտրված չի եղել։ Միգուցե ճյուղեր եղել են կտրված։ Այդ հողատարածքի հենց մեջտեղում կա հաստաբուն ծառ, եթե կտրեին հողազավթում անելու համար, առաջին հերթին կտրված պետք է լիներ հենց այդ ծառը։ Պարոն Բալասանյանին ասվել է, որ այլեւս նման աշխատանքներ չկատարի։ մեր այցի ժամանակ տեղեկացվել է, որ այդ տրածքում տնկվելու է մոտ 30 ծառ»,–ասաց նա։
Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ղուկասյանն էլ հավելեց. «Աշխատանքները դադարեցվել են, այդ հատվածը, որտեղ աշխատանքներ են իրականացվել, համայնքային հող է։ Դիմացը չգիտեմ՝ ում հողն է։ Զգուշացվել է, եւ նա այլեւս ոչ մի աշխատանք չի կատարել»։
Ավինյանը հստակեցրեց, որ կառուցապատման աշխատանքներ չեն եղել, բայց հողային ինչ–որ աշխատանքներ կատարվել են։ Այսինքն կանխարգելվել է, ինչ–որ աշխատանքներ ենթադրվում էր, որ կլինեն»։