երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կարծիք է ձևավորվել, թե քաղաքապետարանում գործընթաց իրականացնելու համար քաղաքացուց 1,5 տարի է պահանջվում . Աղաջանյան

Կարծիք է ձևավորվել, թե քաղաքապետարանում գործընթաց իրականացնելու համար քաղաքացուց 1,5 տարի է պահանջվում . Աղաջանյան

Երևանի քաղաքապետարանը գրեթե մեկուկես տարի գործընթացի մեջ է եղել և արդյունքում չի հասցրել այն մի կետի, որտեղ քաղաքացին կարող է դիմել շինթույլտվություն ստանալու համար, ընդ որում՝ մեկ տարի երեք ամիս միայն այս գործը պտտվում է քաղաքապետարանի մի վարչությունից մյուսը, և միայն վերջին մեկուկես ամսում քաղաքացուց տեղեկություններ են պահանջել։ Այս մասին այսօր կառավարության հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Նա նշեց նաև, որ տնտեսվարողը, որի մասին խոսում է ինքը, ԱՄՆ-ից Հայաստան է եկել՝ տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։

«Խնդիրն այն է, որ ձևավորվել է հանրային կարծիք, որ սա հենց այն ժամանակն է, որ պահանջվում է միջին վիճակագրական քաղաքացուց՝ քաղաքապետարանում որևէ գործընթաց իրականացնելու համար»,-հավելեց Էդուարդ Աղաջանյանը և հարցրեց Գնել Սանոսյանին, թե ի՞նչ է վերջինս կարծում այդ խնդրի մասին։

Ի պատասխան՝ Սանոսյանն ասաց. «Հարցը քաղաքապետարանի տիրույթում է, Ձեզ լսեցինք, բայց միգուցե, իրենք որոշակի պարզաբանումներ ունենան, թե տվյալ տնտեսվարողի հետ ինչո՞ւ է հարցն այդքան ձգձգվել։ Հիմա այլ արձագանք չունեմ, կխնդրեմ նիստից հետո փոխանցել գրագրությունը, որպեսզի հասկանանք ինչն է խնդիրը»։

 

  • Կիսվել: