Կարևորում եմ Հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեությունը. Արաքսիա Սվաջյան
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության «Չինարեն լեզվի ուսուցման և դասավանդման» յոթերորդ պարգևատրման արարողությանը, որին ներկա է եղել նաև ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Միջոցառումը դեսպանատունը կազմակերպում է յուրաքանչյուր տարվա վերջին՝ Հայաստանում չինարեն դասավանդող և ուսումնասիրող ուսուցիչների և ուսանողների համար:
Պարգևատրման նպատակն է խրախուսել Հայաստանում չինարեն դասավանդողներին ու լեզուն ուսումնասիրողներին։ 2018 թվականից ի վեր ավելի քան 200 ուսուցիչներ և ուսանողներ արժանացել են այս պարգևատրմանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ օտար լեզուների դասավանդման բարելավումը հանրակրթության բարեփոխումների ամենակարևոր ուղղություններից է: «Ուրախ եմ, որ ՀՀ 17 դպրոցների սովորողները ոչ միայն Երևանում, այլև մարզերում հնարավորություն ունեն սովորելու չինարեն։ Դա հնարավորություն է նաև ուսումնասիրելու և ծանոթանալու Չինաստանի պատմությանն ու մշակույթին:
Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեությունը՝ խորացված ուսուցում իրականացնելու տեսանկյունից»,- ասել է նա: