Կարելի է, չէ՞, մի վեց ամիս շուտ համաձայնեցնել փողոցների ցանկը, ու սարքելու հաջորդ օրըը չքանդել. Ավինյան
Փողոցների միջին նորոգման աշխատանքներն ավարտված են Էրեբունի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում. Նոր Նորքում բացի Նելսոն Ստեփանյան փողոցից մնացած բոլորի աշխտանքն ավարտված է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Նշվեց, որ Կենտրոն վարչական շրջանում ներկայումս Նար-Դոսի փողոցում կատարվում են ֆրեզավորման, լյուկերի նիշերի բարձրացման աշխատանքներ, Ավանում Բաբաջանյան փողոցն է այս պահին ասֆալտապատվում, Մալաթիա-Սբաստիա փողոցն այս պահին ասֆալտապատվում է մասնակի:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ես խնդրում եմ ևս մեկ և, հուսով եմ, վերջին անգամ. այս կոմունիկացիան, թե որ փողոցներում ինչ աշխատանքներ ենք իրականացնելու, օր առաջ ուղարկել մեր գործընկերներին:
Ես չեմ ուզում ևս մեկ անգամ մենք արձանագրենք որևէ տեղ աշխատանք, դրանից շատ կարճ ժամանակ հետո՝ քանդում։ Կարելի է այդպես 1-2-3-4-5 անգամ, բայց այդ ամենն ինչն ունի սահման»:
Ըստ Ավինյանի՝ պետք է այդ հարցերի շուրջ նախորոք կոմունիկացվել. «Որովհետև արդեն ենթադրում եմ ոչ ոք չի հասկանում ինչ է տեղի ունենում: Անընդհատ կարելի է բացատրություններ փնտրել, բայց կարելի է, չէ՞, մի վեց ամիս շուտ հասկանալ՝ պոտենցիալ վտանգներ այդտեղ կան, թե ոչ, համաձայնեցնել փողոցների ցանկը, ու սարքելու հաջորդ օրըը չքանդել»: