կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որի ընթացքում ռեկտոր է ընտրվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Վարդանի Գրիգորյանը:

«Մրցույթին մասնակցելու համար գրանցվել էր 4 հավակնորդ: Նիստն իրականացվել է մրցույթի ընթացակարգի համաձայն, մասնակցել են խորհրդի բոլոր 20 անդամները: Մրցույթի արդյունքներով 20 անդամից 19 կողմ ձայնով 5 տարի ժամկետով ռեկտորի պաշտոնում ընտրվել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Վարդանի Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյանը նոր մարդ չէ ԲՈՒՀ-ում, ավելի քան 10 տարի աշխատում է, և վերջին 5 տարին նաև ուսումնական աշխատանքներն է ղեկավարել ԲՈՒՀ-ում: Անցումային այն ժամանակահատվածում էլ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է եղել և ցույց է տվել ԲՈՒՀ-ն արդյունավետ կառավարելու իր հմտությունները»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Արմեն Գրիգորյանը խոսեց ԲՈՒՀ-ը ղեկավարելու իր տեսլականից՝ նշելով, որ նպատակ ունի միջազգայնացնել համալսարանը, նաև դարձնել ՀՀ-ի ուղեղային կենտրոններից մեկը:

«Տնտեսագիտական համալսարանում ներկայումս 3 հերթափոխով սովորում է 9200 ուսանող: Ունենք նաև օտարերկրացի ուսանողներ: Ես իմ հետագա բոլոր ջանքերը կենտրոնացնելու եմ համալսարանի միջազգային ծրագրային հավատարմագրային գործընթացներն առաջ մղելու ուղղությամբ: Այդտեղ մենք ունենք նաև հաջողություններ, միջազգային կառույցների կողմից ունենք հավատարմագրումներ»,- ասաց ռեկտորը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ համասարանը ե՞րբ կարող է տեղ զբաղեցնել որևեիցե վարկանիշային աղյուսակում, գոնե 500 լավագույն բուհերի մեջ: Ռեկտորը նշեց, որ 5 տարին բավարար ժամանակահատված է Եվրոպայի՝ տնտեսագիտական ուղղությամբ թոփ 300 համալսարանների շարքում և աշխարհի թոփ 1000 լավագույն բուհերի մեջ ընդգրկվելու համար:

  • Կիսվել: