շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կառավարությունն իր վրա է վերցրել կուտակված խնդիրների լուծման առաքելությունը․ Ասլանյանը՝ աշակերտներին

Կառավարությունն իր վրա է վերցրել կուտակված խնդիրների լուծման առաքելությունը․ Ասլանյանը՝ աշակերտներին

Առանց երազանք չապրեք. երազանքը ծնում է ձգտում: Մարդ պետք է ունենա նպատակ եւ պայքարի դրա իրականացման համար, դիմելով Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ ասել է ԱԺ պատգամավոր,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հակոբ Ասլանյանը:  Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Պատգամավորը կարեւորել է հայրենիքին նվիրված լինելն ու նրան անվեհապահորեն ծառայելը: Հակոբ Ասլանյանը նշել է, որ գործող իշխանությունների առաջնային խնդիրը պետության անվտանգությունն է: Ըստ նրա՝ Կառավարությունն իր վրա է վերցրել տարիների ընթացքում կուտակված խնդիրների լուծման դժվարին առաքելությունը: Պատգամավորը նաեւ ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքն ու գործառույթները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանն էլ կարեւորել է կրթություն ստանալու երեխաների իրավունքը:

Նա անդրադարձել է կրթության ոլորտի բարեփոխումներին, կարեւորել ԿԳՄՍ նախարարության եւ հասարակական կազմակերպությունների մշակած ծրագրերին դպրոցականների մասնակցությունը:

Պայմանավորված համաշխարհային եւ տարածաշրջանային իրավիճակով՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են դպրոցներում Նախնական զինվորական պատրաստություն առարկան առավել արդյունավետ ուսուցանելու անհրաժեշտությունը:

Հյուրերը դիմել են պատգամավորներին՝ խնդրելով աջակցել մարզկենտրոնից հեռու գտնվող գյուղերում բնակվող թոշակառուների կենսաթոշակներն ու հաշմանդամություն ունեցող անձանց նպաստներն ավելի դյուրին կերպով ստանալու հարցում: Մասնավորապես, առաջարկվել է հեռավոր բնակավայրերում տեղադրել բանկոմատներ՝ այդպիսով ազատելով թոշակառուներին եւ նպաստառուներին լրացուցիչ ծախսեր կատարելուց: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, աշխատատեղերին, ներքին տուրիզմի զարգացմանը վերաբերող հարցերին:

  • Կիսվել: