կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարության որոշմամբ Ֆիոլետովոյին հողակտոր նվիրաբերվեց. մանկապարտեզ կկառուցվի (տեսանյութ)

Կառավարության որոշմամբ Ֆիոլետովոյին հողակտոր նվիրաբերվեց. մանկապարտեզ կկառուցվի (տեսանյութ)

Նախորդ տարվա ամռանը ծագել էր Ֆիոլետովո համայնքում մանկապարտեզ կառուցելու հարցը: Խնդիրներից մեկը հողամասի հատկացման հետ էր կապված: Այժմ դպրոցի սպասարկման համար հատկացված հողամասից առանձնացվել է հողակտոր, ձևավորվել է որպես առանձին գույք, և Կառավարության՝ հունվարի 4-ի որոշմամբ Պետական գույքի կառավարման հաշվեկշռում գտնվող այդ հողակտորը նվիրաբերվել է համայնքին մանկապարտեզ կառուցելու նպատակով: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար  Գնել Սանոսյանը:

Նա տեղեկացրեց, որ մանկապարտեզ կառուցելու համար անհրաժեշտ էր 1000 քառակուսի մետր հողակտոր, մինչդեռ Կառավարության որոշմամբ առանձնացվել է 1300 քառակուսի մետր, որպեսզի և՛ մանկապարտեզ կառուցվի, և՛ վերջինս սպասարկման անհրաժեշտ հատված ունենա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց որոշումը, ապա հիշեցրեց, որ Ֆիոլետովոն այն համայնքն է, որտեղ ազգային փոքրամասնություն է ապրում, ապա նաև ազգային փոքրամասնությունների համայնքների հետ կապված մտավախություն հայտեց, թե Կառավարության քաղաքականությունը կարող է դիտարկվել խտրական:

Ըստ վարչապետի՝ խոշորացված համայնքների կազմում չընդգրկվեցին ազգային փոքրամասնություններով համայնքները՝ «անսալով նրանց ձայնին», սակայն այժմ խոշորացված համայնքները զարգանում են, իսկ ազգային փոքրամասնություններով համայնքներն էականորեն իրենց զարգացման տեմպերով զիջում են, և հետագայում ավելի է այդ խնդիրն ահագնանալու:

«Մենք նախորդ այցերի արդյունքներով որոշում կայացրինք, որ ազգային փոքրամասնություն ունեցող բնակչությամբ համայնքների սուբվենցիոն գործակիցներում փոփոխություններ կանենք, այսինքն՝ այն դեպքերում, երբ ծրագիրը ֆինանսավորվում է Կառավարության կողմից 50 տոկոսով, ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքներում կհամաֆինանսավորվի որոշակի գործակցով ավելի: Բայց, մեծ հաշվով, ես վստահ չեմ, որ մեր խնդիրը լուծվելու է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նույնիսկ վստահ չէ, որ որոշակի փոփոխությունները, որոնք նախատեսվում են, տեսանելի կլինեն:

«Պետք է մտածենք ինչ անել, գուցե ինչ-որ այլ փոփոխություններ անել, որ այդ համայնքները մտնեն խոշորացված համայնքների մեջ, բաց կառավարման առումով վարչական շրջանի ղեկավարի նշանակման հետ կապված սահմանափակումներ լինեն»,- ասաց Փաշինյանը և ընդգծեց, որ այստեղ լուծման ենթակա խնդիր է տեսնում:

  • Կիսվել: