շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կանցկացվի հանքարդյունաբերության ոլորտի ընդհանուր ուսումնասիրություն

Կանցկացվի հանքարդյունաբերության ոլորտի ընդհանուր ուսումնասիրություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է DMT երկրաբանական հետազոտական կենտրոնի ներկայացուցչին: Կենտրոնը Հայաստանում իրականացնելու է հանքարդյունաբերության ոլորտի՝ շրջակա միջավայրի և առողջապահական հարցերի վերաբերյալ ընդհանուր ուսումնասիրություն: Այս մասին տեղեկացնում է ՏԿԵՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության պատվերով և Համաշխարհային բանկի աջակցությամբ: Ուսումնասիրությունների արդյունքները պետք է օժանդակեն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակմանը:
Լիլիա Շուշանյանը ողջունելով հյուրերին ՏԿԵ նախարարությունում՝ կարևորել է ուսումնասիրվող հարցերի նշանակությունը Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի զարգացման քաղաքականության մշակման գործում: Փոխնախարարը նշել է. «Մեզ համար հստակ է, որ 21-րդ դարում հանքարդյունաբերության ոլորտը ոչ միայն պետք է անմիջականորեն կապված լինի կայուն զարգացման հետ, այլև ունենա իր ներդրումը այդ գործում: Այս նպատակը չի կարող իրագործվել առանց բնապահպանական ու առողջապահական կարգավորումների թույլ կողմերը բացահայտելու, միջազգային փորձագետներից լավագույն փորձի վրա հիմնված առաջարկություններ ստանալու և դրանք կյանքի կոչելու»:
Աշխատանքային քննարկման ընթացքում DMT հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Ջեֆրի Սմիլը նախատեսվող աշխատանքների կառուցվածքը ներկայացնելիս նշել է առաջնային ուշադրության երեք քայլերը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրավական կարգավորումների, ինստիտուցիոնալ կարողությունների և մի քանի հանքավայրերի ուսումնասիրությանը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են հետագա աշխատանքների կազմակերպման և հաջորդ տարվա սկզբին առաջնային արդյունքներ ներկայացնելու մասին:

  • Կիսվել: