Կանանց և աղջիկների հարցերով Իրանի փոխնախագահն այցելել է հայկական բարեգործական կենտրոն, թանգարան ու եկեղեցի
Կանանց և աղջիկների հարցերով Իրանի փոխնախագահ Զահրա Բեհրուզ-Ազարն այցելել է Թեհրանում «Ակունք» բարեգործական կենտրոն, Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարան և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և տեղեկացել այս կենտրոնների գործունեության մասին, գրում է parstoday.ir-ը:
Ըստ Բոռնայի, Բեհրուզ-Ազարն այս կենտրոն կատարած այցի ժամանակ ասել է. «Ակունք» բարեգործական կենտրոնում աշխատելը ոչ միայն աջակցություն է հաշմանդամ և մարմնամտային խանգարումներով երեխաներին և դեռահասներին, այլև աջակցություն է նրանց ընտանիքներին։
Իրանի փոխնախագահը, բարձր գնահատելով այս կենտրոնում գործադրվող ջանքերը, ընդգծել է այն հաստատություններին աջակցելու կարևորությունը, որոնք աշխատում են հավասար հնարավորություններ ստեղծելու և հատուկ կարիքներ ունեցող մարդկանց կարողությունները վերականգնելու ուղղությամբ:
Բեհրուզ-Ազարը, այցելելով Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, աղոթել է Գազայում խաղաղություն հաստատելու, պատերազմն ու պաղեստինցի կանանց ու երեխաների ջարդը դադարեցնելու համար։
Այցի ընթացքում Իրանի փոխնախագահին ուղեկցում էր Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը։
«Ակունք» բարեգործական կենտրոնն իր գործունեությունը սկսել է 1998 թվականին և մարմնամտային խանգարումներ ունեցող երեխաներին և մեծահասակներին աջակցելու նպատակով՝ ստեղծել է հատուկ կրթական և վերականգնողական ծրագրերով միջավայր։
«Ակունք» կենտրոնում, ձեռարվեստի աշխատանքների արհեստանոցներից բացի, իրականացվում են վերականգնողական աշխատանքներ՝ ֆիզիոթերապիա, աշխատանքային թերապիա, լոգոպեդիա, հոգեբանական խորհրդատվություն՝ նպատակ ունենալով բարելավել մարմնամտային խանգարումներ ունեցող մարդկանց կարողությունները: