Կան անբարեխիղճ տնտեսվարողները, որ կազմակերպությանը փողը տալիս ենք, շինարարին չեն վճարում. Հարությունյան
Մենք երբեմն բողոքներ ենք ստանում, որ որոշ շինարարական ընկերություններ աշխատողներին գումարներ չեն վճարում, շատ են դեպքերը, որ, օրինակ, Քաղշին կոմիտեի նախագահի հետ թելը բռնելով, գնում ենք բուն պատճառների հետևից և պարզվում է, որ տնտեսվարողը կամ պատշաճ չի հանձնել աշխատանքը, որպեսզի պետությունից ստանա գումարը, կամ գումար է ստացել և իր տասնյակ այլ նախագծերի վրա է ծախսել և այդ տնտեսվարողները տարածում են, որ պետությունը գումարը չի տալիս։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11–ին, կառավարության նիտում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ես կուզեմ, որ կոմունիկացիան ճիշտ ապահովենք տեղերում, նաև աշխատողների հետ այս զրույցները տանենք, որ ֆիքսենք, որ մենք որևէ դեպքում պարտքեր չենք գոյացնում, որովհետև հազար անգամ ասել ենք, որ մենք գումարի խնդիր չունենք, պարզապես տնտեսվարողները պատշաճ չեն հանձնում աշխատանք կամ ընթացիկ աշխատանքներ, որպեսզի գումարները ստանան, կամ այդ գումարը ստանում են և այլ նախագծերի վրա են ծախսում և աշխատավարձերը չեն վճարում։
Այսպիսի դեպքերը քիչ չեն, խնդրում եմ սրա վրա ուշադրություն դարձնել, որովհետև այդպիսի տպավորություն են փորձում ստեղծել որոշ համբերախիղճ տնտեսվարողներ, որ պետությունը չի վճարում այդ գումարը։
Ես ամենևին չասեցի, որ որոշ պետական օղակներում դանդաղումներ չեն լինում, այդպիսի դեպքեր էլ են եղել։ Բայց դեպքերի մի ահագին հատվածում իմ ասած իրավիճակն է ստեղծվում»,–ասաց նա։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նկատեց, որ հարցը շատ կարևոր է. «Մենք ամբողջ ընթացքում պարոն Խուդաթյանի հետ այդ հարցին փորձում ենք ուշադիր լինել, նաև նկատի ունենալով, որ այն փաթեթները, որոնք հաստատման են հասնում, բավական երկար ճանապարհ են անցնում։ Մենք փորձում ենք կարգավորել այնպես, որ այդ տեսանկյունից ուշացումների պատճառ չլինի»։
ՏԿԵ նախարարն էլ հավելեց. «Բոլոր այն դեպքերում, որտեղ շինարարական ընկերությունները մեզ ներկայացրել են որոշակի ծավալի աշխատանքների կատարողականներ, համայնքները պատշաճ կերպով այդ կատարողականները ուսումնասիրել են, տվել են մարզպետի աշխատակազմ, որից հետո մարզպետի աշխատակազմը տեղում ուսումնասիրություն է իրականացրել ծավալների մասով և փոխանցվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախագիծ պատրաստելու համար։
Ամբողջությամբ համակարծիք եմ պարոն Հարությունյանի հետ, սա ասում եմ այն տրամաբանության մեջ, որ շինարարական ընկերության աշխատակիցներն էլ իմանան, որ բոլոր այն դեպքերում, երբ որ շինարարը մեզ կատարողական է տվել, մենք դեկտեմբերի 18-ի դրությամբ բոլոր դեպքերում ֆինանսավորումը իրականացրած կլինենք»։


