Կացարանում հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայող հարցաքննվել է․ մանրամասներ
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երկու զինծառայող հարցաքննվել է։ Այս մասին InfoPort.am-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Աբրահամյանը նշել է, որ հարցաքննված զինծառայողները տուժողի կարգավիճակ են ստացել։
ՔԿ մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ երրորդ տուժածը՝ սպան, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, դեռ չի հարցաքննվել՝ առողջական վիճակից ելնելով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։


