Ջավախքում սիրո բարեխոս Սբ. Սարգիս զորավարի տոնին, որն այս տարի նշվում է հունվարի 30-ին, ուխտագնացություն չի կատարվի դեպի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցի, քանի որ երկրում գործում է պարետային ժամ, գրում է jnews.ge-ն:

Վրաստանում սահմանված պարետային ժամի պատճառով, հունվարի 29-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում երեկոյան ժամերգությունը տեղի կունենա 17:00-ին: Հավարտ ժամերգության արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը երիտասարդների օրհնության կարգ կկատարի, որից հետո կբաժանվեն աղաբլիթներ։

Ջավախքում ընդունված ավադույթի համաձայն՝ Սուրբ Սարգսի տոնին, բոլոր գյուղերից ու շեներից երիտասարդներն ու հավատավոր ժողովուրդը գիշերը ուխտի է գնում դեպի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս անունը կրող եկեղեցի: Սակայն այս տարի պարետային ժամի պատճառով եկեղեցում ժամերգությունը կսկսվի 18։30-ին, որպեսզի մինչև 20։30 եկեղեցին փակվի։ Նրանք, ովքեր ցանկանում են ուխտի գնալ դեպի Դիլիսկա գյուղի եկեղեցի, կարող են հունվարի 29-ի կեսօրին կամ 30-ի առավոտյան կատարել իրենց ուխտը:

Իսկ արդեն հունվարի 30-ին, ժամը 10:30-ին Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը Սուրբ և Անմահ պատարագ կմատուցի Սուրբ Սարգիս եկեղեցում: