երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իտալիայի ազգային տոնի առթիվ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Իտալիայի դեսպանատանը

Իտալիայի ազգային տոնի առթիվ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Իտալիայի դեսպանատանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Իտալիայի ազգային տոնի առթիվ հունիսի 2-ին հյուրընկալվել և ելույթով հանդես է եկել Հայաստանում Իտալիայի դեսպանատանը։

«Իտալիայի ազգային տոնի կապակցությամբ հունիսի 2-ին հյուրընկալվեցի և ելույթով հանդես եկա Հայաստանում Իտալիայի դեսպանատանը։

Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոնի հետ փոխադարձաբար ընդգծեցինք հայ և իտալացի ժողովուրդների հազարամյա պատմության ընթացքում ունեցած բարեկամական ջերմ հարաբերությունները, խոսեցինք մշակութային, հոգևոր հարուստ ավանդույթների մասին։

 

Շնորհավորական խոսքում մասնավորապես ընդգծեցի, որ հայերենով տպագրված առաջին գիրքը լույս է տեսել Վենետիկում՝ 1512 թվականին: Հայկական մշակույթի վերածննդի կարևորագույն կենտրոններից է Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որտեղ շուրջ երեք դար է՝ գործում է հայագիտության առանցքային կենտրոններից մեկը՝ Մխիթարյան հայրերի միաբանությունը։ Այն անգնահատելի ներդրում է ունեցել ոչ միայն հայ, այլև համաշխարհային գիտամշակութային ժառանգության հարստացման գործում։ Հատկանշական է, որ Իտալիան հյուրընկալում է ամենամեծ թվով հայագիտական կենտրոնները։
Վստահ եմ, որ մեր ժողովուրդների բարեկամության վաղեմի ավանդույթների վրա հիմնված հայ-իտալական ջերմ հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն ամրապնդվել ու զարգանալ։
Viva l’Italia!
Viva l’Armenia!
Viva l’amicizia secolare italo-armena!»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արշակյանը:

  • Կիսվել: