երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Իրանցիները ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան դիմաց. ոստիկանները երթը թույլ չտվեցին

Իրանցիները ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան դիմաց. ոստիկանները երթը թույլ չտվեցին

Այսօր իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան առջև:

Ակցիայի մասնակիցները ցանկանում են երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տալիս:

Ցուցարարներն ասում են՝ քաղաքապետարանը նախ հունվարի 15-ին արտոնել է երթը, հետո՝ չեղարկել այդ որոշումը, ինչի մասին տեղեկացել են երեկ երեկոյան: Նրանք վստահ են, որ նման որոշում է կայացվել Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունների պատճառով:

Երևանում Իրանի դեսպանատան առջև իրանցիների մի քանի ցույցերից հետո դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարեց՝ տպավորություն ունեն, թե Հայաստանը իրենց դեմ գործողությունների կենտրոն է դառնում. - «Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»:

Արձագանքելով դեսպանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց՝ Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնա: «Մենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, և նույնն ակնկալում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից», - ընդգծեց վարչապետը:

 

Այսօրվա ակցիայի մասնակիցները վրդովված են, ընդգծում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և անակնկալի են եկել, երբ նախապես արտոնված երթը չեղարկվել է:

Ոստիկանները ցուցարարներից մի քանիսին բերման ենթարկեցին, քանի որ փորձում էին երթ անցկացնել: Ակցիայի մասնակիցները հավաստիացնում էին, որ երթը խաղաղ է լինելու, քայլելու են մայթերով:

Բերման ենթարկվածների թվում է ցույցի փաստացի լիդերը:

Ցուցարարները նստացույց սկսեցին: Ոստիկանությունը նախազգուշացրեց, որ դադարեցնեն ակցիան դեսպանատան դիմաց, հակառակ դեպքում ուժ կկիրառեն և հատուկ միջոցներ:

Երևանյան ակցիաների մասնակիցները պահանջում են դադարեցնել Իրանում արյունահեղությունը, նաև կրոնական իշխանության հեռացման կոչեր են հնչեցնում:

  • Կիսվել: