հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
 Իրականացվում են աղբատարների թվայնացման աշխատանքներ

Իրականացվում են աղբատարների թվայնացման աշխատանքներ

Նախորդ շաբաթվա սկզբին ունեցել ենք աղբահանության խնդիրներ՝ կապված տեխնիկայի հետ, բայց արդեն մատակարարվել են 18,5 խորանարդ մետր տարողությամբ «ԿամԱԶ» մակնիշի մեքենաները, որոնք շաբաթ օրն անցել են աշխատանքի, և արդեն էապես խնդիրը կարգավորվել է: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը։

«Թափուր հաստիքներ ունենք աղբատարի վարորդներին ներգրավելու համար, դա էլ եթե լրացնենք, ամբողջությամբ խնդիրը կկարգավորվի»,- ասաց նա՝ նշելով, որ այս պահին Երևանում աղբահանությունն իրականացվում է 50 մեքենայով, բայց որոշ մեքենաներ վերանորոգվում են, և առաջիկայում դրանք էլ կշահագործվեն:

«Յուրաքանչյուր հերթափոխի կարողանում ենք աշխատանքի հանել գիշերը 37-38, ցերեկը՝ 40 աղբատար մեքենա՝ կապված վարորդների խնդրով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է շարժիչների գնմանը, ապա 3-ն արդեն մատակարարվել են, 1-ն էլ այս շաբաթ կմատակարարվի: Մյուս շարժիչների մատակարարումները ձգձգվում են, քանի որ ՌԴ-ում օրենք է ընդունվել՝ շարժիչների արտահանման հետ կապված, այն է՝ պետք է ճշտել, որ շարժիչը չի օգտագործվելու ռազմական նպատակով:

«Մեզ խոստացել են՝ մաքսիմում 1 ամսվա ընթացքում կմատակարարվեն մյուս շարժիչները ևս»,- ասաց նա՝ նշելով, որ երկու մեքենա շարժիչների տեղադրումից հետո արդեն աշխատում են:

Ըստ Կատվալյանի՝ օգոստոսին սպասում է ևս 6 HOVO մակնիշի աղբատար մեքենաների ներմուծում, դրանից հետո աղբահանության խնդիրն ամբողջությամբ լուծված կլինի:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է, որ աղբամանների թվայնացման աշխատանքներն ավարտին կհասցվեն, շուտով քարտեզի վրա կցուցադրվեն նաև gps տվյալները։ 

 

  • Կիսվել: