Ինչը արել եմ՝ քրեական օրենսգրքում չկա, ինչը ինձ մեղագրվում է՝ չեմ արել, ինչում մեղադրում են՝ հանցագործություն չէ. Հրայր Թովմասյան
Այս դատավարության վերաբերյալ իմ վատ կանխատեսումները, իրականություն են դարձել, արդեն վախենում եմ կանխատեսումներ անել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, դատարանում հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով իր պաշտպանական ճառը։
«Ես կանխատեսումներն անում եմ ոչ թե այն պատճառով, որ գերբնական ունակություններ ունեմ, այլ՝ այն պարզ պատճառով, որ մի քիչ միջազգային փորձ գիտեմ, հասկանում եմ երևույթների պատճառահետևանքային կապը»,- նշեց նա։
Թովմասյանի խոսքով՝ եթե չիմանար դատավարության պատճառը, ակնկալիքը, ապա այն կլիներ դեժավյու. «Չգիտեմ, թե ինչու եմ դատվում։ Ինչը արել եմ՝ քրեական օրենսգրքում չկա, ինչը ինձ մեղագրվում է՝ չեմ արել, ինչում մեղադրում են՝ հանցագործություն չէ:
«Էսպես ասեմ՝ սա շախմատային խաղ է, և իմ դիրքը վատ է, որովհետև ես ո՞վ եմ, ամենաթույլ կողմն եմ, ամբաստանյալն եմ, բայց կարևոր չէ, թե դու ինչ դիրքում ես, կարևոր է, թե ինչ ֆիգուր ես։ Ես Հրայր Թովմասյանն եմ՝ պարզ, հասարակ, սովորական մի իրավաբան։ Ես էստեղ եմ շատ պարզ պատճառով․ ինձ առաջարկվել է արժանապտվությունս նվաստացնող գործարք, ինձ առաջարկվել է արդարադատության վրայով անցնելու գործարք, ինձ առաջարկվել է մեղսակից դառնալ մեր երկիրը լատինաամերիկյան, ասիական, աֆրիկյան շատ երկրների ճանապարհով տանելու մասնակից դառնալ։ Ինձ առաջարկվել է մասնակից դառնալ մի վառ ավանդույթի ներդրման՝ կամ ամեն իշխանությունից հետո դատական իշխանությունը հավատարմության երդում է տալու քաղաքական իշխանույթուններին, կամ ամբողջությամբ փոխվելու է, պատասխանը եղել է մեկը՝ արժանապատվության ու արդարության հետ գործարքներ չեն կատարվում, խղճի հետ գործարքներ չեն կատարվում»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը: