հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինչպես կարող են քվեարկել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած սփյուռքահայերը

Ինչպես կարող են քվեարկել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած սփյուռքահայերը

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով պարզաբանում է, թե ինչպես  կարող են քվեարկել ՀՀ քաղաքացի, ընտրական իրավունք ունեցող սփյուռքահայերը:

Պարզաբանման մեջ ասված է. «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած սփյուռքահայ հայրենակիցներին տեղեկացնում ենք՝

ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի: Նշվում է նաև ընտրողի հաշվառման վայրի հասցեն, իսկ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:

Եթե Դուք Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեք, ապա Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալ տարածքային անձնագրային բաժանմունք ներկայացնում եք դիմում` https://cutt.ly/cnftQCY ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալ տարածքային անձնագրային բաժանմունքը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Ձեզ ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին տրամադրում տեղեկանք:

Դիմումի ձևը սահմանված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմումը պետք է լրացվի անձամբ, ստորագրվի այն և ներկայացվի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալ տարածքային անձնագրային բաժանմունք, որի սպասարկման տարածքում գտնվում է Ձեր բնակության վայրը: Եթե Դուք անձամբ չեք կարող դիմումը ներկայացնել համապատասխան տարածքային անձնագրային բաժանմունք, ինչպես նաև անձամբ ստանալ ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքը, ապա այդ գործողությունները կարող եք անել լիազորված անձի միջոցով:

Լիազորագիրը շարադրվում է ազատ ոճով՝ պարտադիր նշելով Ձեր և լիազորված անձի անունը, հայրանունը, ազգանունը և անձնագրային տվյալները, ինչպես նաև այն գործողությունները, որոնք պետք է իրականացնի լիազորված անձը:

Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:

ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող սփյուռքահայերը, ովքեր չունեն ՀՀ-ում հաշվառում կարող են իրենց դիմումները ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան տարածքային անձնագրային բաժանմունք 31.05.2021թ.-10.06.2021թ ներառյալ»:

  • Կիսվել: