շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ինչպես են իրանահայերը նշում Ամանորն ու Սուրբ Ծնունդը. իրանական ԶԼՄ-ների անդրադարձը

Ինչպես են իրանահայերը նշում Ամանորն ու Սուրբ Ծնունդը. իրանական ԶԼՄ-ների անդրադարձը

Իրանական ԶԼՄ-ներն անդրադարձել են տեղի հայ համայնքի՝ Ամանոր ու Սուրբ Ծնունդ նշելու կերպին՝ գրելով, որ այսօր տեղ հայերը Նոր տարի են նշում, իսկ մի քանի օրից կտոնեն Սուրբ Ծնունդը:

Mehr գործակալությունը, մասնավորապես, գրել է, որ, ըստ հայկական տոմարի, Սուրբ Ծնունդը մի փոքր ուշ է նշվում, քան այլ երկրներում, որտեղ նշվում է դեկտեմբերի 25-ին՝ որպես Հիսուս Քրիստոսի Ծննդյան օր: Ի տարբերություն այդ երկրների՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները Քրիստոսի Ծնունդը տոնում են հունվարի 5-ի երեկոյան:

՛՛Իրանահայերը, որոնք կազմում են Իրանում բնակվող քրիստոնյաների հիմնական մասը, այս օրերին զբաղված են իրենց տոնակատարությունների նախապատրաստմամբ: Թեհրանի Խաջե Նեզամ թաղամասի ՛՛Դահ Մետրի Արամանե՛՛ փողոցում, որտեղ գտնվում է Սուրբ Վարդան հայկական եկեղեցին, թարմ աղացած սուրճի բույրը տարածված է օդում, առևտրի կենտրոնները եռում են աշխուժությամբ՛՛,-գրել է Mehr-ը՝ հավելելով, որ հունվարի 1-ի գիշերը ղողանջում են եկեղեցու զանգերը՝ ավետելու նոր տարվա սկիզբը, իսկ հունվարի 5-ին եկեղեցիներում կատարվում է փառահեղ արարողություն։

՛՛Ամեն տարի հունվարի 1-ի կեսգիշերին Ամանորի տոնակատարություններ են անցկացվում նաև Իրանի ամենամեծ և ամենագեղեցիկ եկեղեցում՝ Սպահանի Ջուղայի հայկական թաղամասում գտնվող Վանք տաճարում՛՛,-ընդգծել է գործակալությունը:

 

  • Կիսվել: