կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչպես է լրտեսական ծրագիրը հայտնվում սմարթֆոնում. բացատրում է Սամվել Մարտիրոսյանը

Ինչպես է լրտեսական ծրագիրը հայտնվում սմարթֆոնում. բացատրում է Սամվել Մարտիրոսյանը

«Pegasus»–ը հասարակ մարդկանց համար չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մեկ տասնյակ հայտնի մարդկանց հեռախոսներում հայտնաբերված լրտեսական ծրագրին։
 
«Այդ ծրագիրը հասարակ մարդկանց համար չէ, թանկ «հաճույք» է, թիրախում պաշտոնյաներն են, ընդդիմադիրները, զինվորականները, լրագրողները։ Իսկ եթե մարդը հանրային լուրջ դիրք ունի, պետք է հետևի իր հեռախոսի անվտանգությանը»,- ասաց Մարտիրոսյանը։
Նա պարզաբանեց` «Pegasus»–ն ամբողջական մուտք է տալիս հեռախոսի բոլոր տվյալներին՝ գտնվելու վայր, զանգեր, հաղորդագրություններ։ Տեղադրումն ու վարակումը կարող է լինել շատ աննկատ, օրինակ` մարդը կարող է «WhatsApp»-ով ստանալ հաղորդագրություն կամ նկար, բացել, և հեռախոսն արդեն վարակված կլինի։
 
Մարտիրոսյանն ընդգծեց` ծրագիրը վաճառվում է միայն պետական կառույցներին։ Փորձով գիտեն՝ նմանատիպ այլ ծրագրեր կիրառվում են ինչպես հարևան պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, այնպես էլ կան արձանագրված դեպքեր Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից։
 
Այս պահին չեն կարող հաստատ ասել, թե որ երկրից է եղել վարակումը, մեկ երկրից է, թե մի քանի, միայն հայտնի է, որ արվել է բացառապես պետական մակարդակով։
 
Ավելի վաղ նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՀՀ մի շարք քաղաքացիներ այս գիշեր «Apple»–ից նամակ են ստացել, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ։ Հեռախոսներից մեկում «Pegasus» լրտեսական ծրագիր է հայտնաբերվել։

  • Կիսվել: