երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա

Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա

Կլիմայի փոփոխության առավել անբարենպաստ սցենարի դեպքում մինչև 2100 թվականը Սևանա լիճ գետային ջրերի ներհոսքը կարող է կրճատվել 34 %–ով կամ շուրջ 265 մլն խորանարդ մետրով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

Դեպի Սևան հոսող գետերից ջրերի ներհոսքի նվազումը լուրջ ռիսկեր է ստեղծում Սևանի ջրային հաշվեկշռի համար, քանի որ գետերը լճի սնուցման հիմնական աղբյուրն են։ Նախարարությունից նշել են, որ կլիմայի փոփոխությունն ավելի է բարդացնում իրավիճակը և բացասաբար անդրադառնում լճի վիճակի վրա։

Սևանի վերականգնման համար անհրաժեշտ է լճի ջրի մակարդակը բարձրացնել 6 մետրով, ինչը, ըստ նախարարության մասնագետների, հնարավորություն կտա վերականգնել ջրի նախկին քանակական և որակական ցուցանիշները, ինչպես նաև կանխել լճի էվտրոֆիկացիան։

«Լճի մակարդակն անհրաժեշտ 6 մ-ով բարձրացումից հետո Սևանա լճում կառաջանա ջրի հավելյալ պաշար, որ էներգետիկ ու տնտեսական այլ ճյուղերի համար շատ կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող բնական պաշար կհամարվի և ազատորեն կարելի է օգտագործել այդ նպատակներով, այդ թվում՝ տարածաշրջանային պահանջների բավարարման համար»,– ասված է գերատեսչության պատասխանում:

Շրջակա միջավայրի նախարարությունից վստահեցրել են, որ այդ նպատակին հասնելու համար նախատեսված են համալիր միջոցառումներ, որի իրականացման դեպքում հնարավոր կլինի լճի մակարդակը տարեկան բարձրացնել 21,6 սմ-ով։ Հաշվարկներում հաշվի է առնվել նաև Սևանից տարեկան շուրջ 170 մլն խորանարդ մետր ջրառը։

Ըստ հաշվարկների՝ համալիր ծրագրով նախատեսված միջոցառումների դեպքում Սևանի ջրի ծավալը 30 տարվա ընթացքում կավելանա շուրջ 8,8 մլրդ խորանարդ մետրով, որը հավասարազոր է լճի մակարդակի 6.5 մ բարձրացմանը։

Շրջակա միջավայրի նախարարությունից նաև մեկնաբանել են Սևանի ջրի մակարդակի ներկայիս դինամիկան և դրա հետագա բարձրացման հեռանկարները։ Միաժամանակ գերատեսչությունում ընդգծել են, որ լճի էկոհամակարգը կենդանի օրգանիզմների փոխազդեցության բարդ համակարգ է, ուստի Սևանի բնապահպանական խնդիրները միայն ջրային պաշարների մասնակի վերականգնմամբ լուծելը բավարար չէ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: