շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինչո՞ւ են խարդախներն ընտրում ՀայՓոստն ու List.am-ը. ինչպիսի՞ ծուղակ են այս անգամ լարել և ինչպե՞ս խուսափել այդ ծուղակում հայտնվելուց

Ինչո՞ւ են խարդախներն ընտրում ՀայՓոստն ու List.am-ը. ինչպիսի՞ ծուղակ են այս անգամ լարել և ինչպե՞ս խուսափել այդ ծուղակում հայտնվելուց

Հայաստանյան առցանց տիրույթում վերջին շրջանում ակտիվացել են խարդախները: Այս մասին վկայում են տարբեր ընկերությունների, բանկային կազմակերպությունների կողմից արվող զգուշացում-հայտարարությունները:

Առավելի է հաճախակիացել դեպքերը, երբ խաբեությունն իրականացվում է ՀայՓոստի, List.am-ի անուններից:

Երեկ ՀայՓոստ ընկերությունը կրկին զգուշացնող հաղորդագրություն տարածեց հերթական խարդախության մասին:  

«Հարգելի հաճախորդներ, խնդրում ենք լինել զգոն և ֆինանսական տվյալներ չտրամադրել առցանց տիրույթում նորից ակտիվացած խարդախներին, ովքեր ներկայանում են որպես ՀայՓոստ ընկերության օպերատորներ»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Հայտնում են, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Ընկերությունից հորդորում են առցանց հարթակներում չտրամադրել ծածկագրեր, հեռախոսահամարներ, անձնագրի սերիա համարներ և բանկային տվյալներ:

Zarkerak.am-ը կապ հաստատեց ՀայՓոստի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանի հետ, որը մեզ հայտնեց, որ ահազանգեր եղել են երեկ և նախորդ օրը, սակայն դրանց թվի վերաբերյալ տվյալ չհայտնեց: Նրա խոսքով, բաժանորդներն ահազանգում են ՀայՓոստի թեժ գծին: «Այսօր դիմելու ենք իրավապահ մարմիններին»,-նշում է նա: Հարցին, թե նախկինում գրանցված խարդախությունների մասով ինչ-որ բան բացահայտվել է՝ Աբրահամյանն ասաց, որ կդժվարանա պատասխանել՝ ահազանգերը տարբեր տեղերից են եղել:

Իսկ թե ինչ պետք է անել, նման խարդախությունների դեմն առնելու համար, ընկերությունից ասում են՝ բարդ հարց է.

«Ամբողջ աշխարհում տարածված են նմանատիպ խարդախությունները և դրա դեմ ամբողջ աշխարհն է պայքարում»,- ասում է ընկերության մամուլի խոսնակը:

Լուսանկարը՝ Սամվել Մարտիրոսյանի էջից

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես են այսօրինակ դեպքերն ազդում ընկերության գործունեության վրա, և արդյոք վստահելիությունը բաժանորդների մոտ չի նվազում՝ Գևորգ Աբրահամյանը նշեց, որ խարդախներն օգտվում են միայն վստահելի ընկերությունների անունները շահարկելուց:

«Նշանակում է, որ մենք վստահելի ընկերություն ենք: Մենք միշտ խորհուրդ ենք տալիս, որ մարդիկ իրենց անձնագրային ու ֆինանսական տվյալները չփոխանցեն որևէ մեկին: Ոչինչ մենք չենք կարող անել»,- շեշտում են ՀայՓոստ ընկերությունից:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանից փորձեցինք հասկանալ, թե ինչու են հատկապես ՀայՓոստն ու List.am-ը թիրախավորվել խարդախների կողմից: Ի պատասխան փորձագետը նշեց, որ օրինակ՝ List.am-ը Հայաստանի ամենաօգտագործվող առք ու վաճառքի կայքն է:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան

Իսկ թե ինչու է ՀայՓոստի անունը շահարկվում, Սամվել Մարտիրոսյանը նշեց՝

«Միայն ՀայՓոստը չէ: «Սուրհանդակ» առաքման ծառայության դեպքում էլ օգտագործվում է ԱրՔա համակարգի կեղծ տարբերակը: Դե մի բան պետք է օգտագործեն»,- ասում է նա:

Թե ի՞նչ պետք է անել պետական մակարդակով նման խաբեությունները կանխելու համար և արդյոք հիմա արվում են ամեն ինչ, Սամվել Մարտիրոսյանն ասում է՝

«Դուք քանի՞ պետական ծրագիր գիտեք էս ուղղությամբ որոնք իսկապես ազդեցիկ են: Կրթական ծրագրեր է հիմա մտնում մեդիագրագիտությունը։ Բայց դա տարիներ կպահանջի, որ ազդեցություն ունենա»,- շեշտում է մեդիափորձագետը։ Նա զգուշացնում է, որ նման հաղորդագրությունները ստանալու դեպքում «հանկարծ չլրացնել տվյալները»: 

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ ամեն անգամ խնդրի վերաբերյալ զգուշացնող հրապարակումներ են կատարել: Ինչ վերաբերում է դեպքերին, տեղեկացրեցին, որ դրանցով նյութեր են ուղարկվել Քննչական կոմիտե: 

 

  • Կիսվել: