երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Իմ ելույթում քննադատել եմ ՔՊ-ին, Տավուշի մարզպետի հետ խոսակցություն չի եղել, ծիծաղելու է, թե շահ ունեմ. Հայկ Սարգսյան

Իմ ելույթում քննադատել եմ ՔՊ-ին, Տավուշի մարզպետի հետ խոսակցություն չի եղել, ծիծաղելու է, թե շահ ունեմ. Հայկ Սարգսյան

Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ կուսակցությունում չի եղել և չի կարող լինել՝ հատկապես վարչապետի ներկայությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով Տավուշի մարզպետ Հայկ Ղալոմյանի հետ ծեծկռտուքի մասին տարածված տեղեկատվությանը։

Նա հավաստիացրեց, թե անգամ խոսակցություն չի եղել իր և Տավուշի մարզպետի միջև։

Հարցին, թե անգամ խոսակցություն էլ չի եղել՝ Սարգսյանը պատասխանեց. «Մենք կուսակցությունում նման ֆորմատ ունենք, կոչվում է ինքնաքննադատություն, երբ մենք խոսում ենք՝ քննադատում ենք ինքներս մեզ՝ իշխանությանը, կառավարությանը, կամ ԱԺ-ի որոշ գործընկերների գործունեությունը»։

ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ ինքը գրանցվել կուսակցության նիստին և ինքնաքննադատությամբ ելույթ ունենալու հայտ է ներկայացրել, կուսակցությունը բավարարել է իր հայտը և ինքը ունեցել է ինքնաքննադատական ելույթ։

«Ելույթի ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը և կառավարության մեր որոշ գործընկերների գործունեությունը՝ կապված անտառահատումների հետ, ինչպես նշված է ՔՊ-ի տարածած հաղորդագրության մեջ»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ որոշ խոսակցություններ եղել են, բայց խոսքը չի գնացել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի մասին, քանի որ անտառները չեն գտնվում մարզպետի լիազորությունների ներքո, այլ՝ Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում են։

«Ես քննադատել եմ ընդհանուր երևույթը և բերել եմ փաստեր»,-հավաստիացրեց Սարգսյանը:

Նա հորինվածք համարեց լուրերը, որ ինքը բարձրացնելով անտառահատումների հարցը, անձնական շահեր է հետապնդում, այդտեղ շահերի բախում կա. «Ծիծաղելի է այդ տեղեկատվությունը, այդպիսի որեւէ փաստ չկա, չի էլ կարող լինել: Կա՞ որեւէ մարդ, որին չի հետաքրքրում անտառահատումների թեման: Ես նկատել եմ դեպքեր, որոնք, ըստ իս, տեղի են ունեցել օրենքի խախտմամբ, նաեւ այո, դիմել եմ Քննչական կոմիտե և գլխավոր դատախազին: Ընթացք տրվել է եւ առաջիկայում դրա մասին հրապարակումներ կլինեն»,-ասաց նա:

  • Կիսվել: