շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ի՞նչ կարող է անել ԿԽՄԿ–ն, երբ նրա աշխատակիցների ձեռքից անձի են առեւանգում

Ի՞նչ կարող է անել ԿԽՄԿ–ն, երբ նրա աշխատակիցների ձեռքից անձի են առեւանգում

Մեր պատվիրակության ղեկավարն ընդունել է նախաձեռնող խմբի անդամներին եւ երկարատեւ զրույցի ընթացքում հասցեագրել ենք խնդիրները, որոնք հնչեցվել են երիտասարդների կողմից: Այս մասին այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողներին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Հայաստանի տարբեր բուհերի տասնյակ ուսանողներ «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» վանկարկումներով փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքը:

«Բնականաբար, մենք կարողացել ենք բավականին սպառիչ կերպով ներկայացնել մեր կազմակերպության գործելաոճը, ինչպես է աշխատում այս իրավիճակում կազմակերպությունը, նաեւ այն մանրուքները, որոնք կարող են ոչ պատշաճ կերպով կասկածվել եւ թյուրըմբռնման առիթ հանդիսանալ, այն դեպքում, երբ մեր կազմակերպությունը որոշակի ձեւաչափով աշխատանքներ տանելով հասցեագրում է այն խնդիրները, որոնք ինքը տեսնում է:

Այս պարգայում կային որոշակի պահանջներ նախաձեռնող խմբի կողմից, եւ մենք բացատրեցինք, թե ինչու մեր կազմակերպությունը իր գործելաոճից ելնելով չի կարող բավարարել: Սակայն միաժամանակ, փորձել ենք հավաստիացնել, որ մեր աշխատանքը տեւական է, ընթացիկ է, եւ համաձայն մեր գործելաոճի, մենք փորձում ենք կողմերի հետ գտնել հնարավոր  լուծումներ, որոնք կկարողանան ապահովել մեր աշխատանքի  հետագա ընթացքը, որն այս պահի դրությամբ կասեցված է»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք խնդիրները հասցեագրել են բոլոր որոշում կայացնող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին

«Իհարկե, կա նաեւ մեր ընթացիկ երկխոսությունը միջազգային հանրության անդամների հետ, որը եւս կոնֆիդենցիալ բնույթ է կրում, բայց մեզ համար շտ կարեւոր է, որ առաջին հերթին լսելի դարձնենք մեր մոտեցումները եւ կարողանանք լուծումներ գտնել այն իշխանությունների հետ, որոնք պատասխանատու են այս իրավիճակում մարդասիրական տեղաշարժի եւ գործունեության համար»,- ընդգծեց Ամատունին:

Դիտարկմանը, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչների ձեռքից առեւանգել են մարդուն եւ միակ բանը այն է, որ Կարմիր խաչը փորձում է աշխատել երկու երկրների ղեկավարների հետ, Զառա Ամատունին ասաց. «Մեր կազմակերպությունը չունի որեւէ ենթակայություն, որեւէ այլ կազմակերպության, մենք անկախ, չեղոք, անկողմնակալ կազմակերպություն ենք, որի մարդասիրական առաքելությունն ուղղված է կողմերի հետ գտնելու հնարավորություններ կոնֆլիկտներից տառապող մարդկանց օգնելու եւ պաշտպանելու: Մենք աշխատում ենք գտնել լուծումներ, բայց մենք չենա գտնում լուծումներ փնտրելով դրանք որեւէ այլ տեղ, քան հենց անմիջապես այնտեղ, որոնք դրանք տեղի են ունենում»:

Նա ընդգծեց, որ այս պահին Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակում փոփոխություն չկա, տեղաշարժ միջանցքով տեղի չի ունենում:

Զառա Ամատունին նաեւ հստակեցրեց, որ Կարմիր խաչի գործունեությունը չի ենթադրում ուղեկցվել որեւէ զինված խմբի կամ բանակի ներկայացուցիչների հետ. «Իսկ եթե կա սպառնալիք, մենք ուղղակի չենք աշխատում»:

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

  • Կիսվել: