չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Ի՞նչ եղանակ սպասել հուլիսին

Ի՞նչ եղանակ սպասել հուլիսին

Հուլիսը Հայաստանում ամռան ամենաշոգ ամիսներից մեկն է: Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում զգալիորեն նվազում է, ինչի արդյունքում հունիսի համեմատ հուլիսին զգալիորեն նվազում է տեղումների քանակը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 20․5 °C, իսկ ամենազովը՝ 1946 թվականին՝ 14․6 °C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ հուլիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմել է 126 մմ, իսկ ամենաչորը՝ 1978 թվականին՝ 5․1 մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ 1935-2025 թթ․ժամանակահատվածում հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7 °C-ով, իսկ տեղումների քանակը նվազել են մոտ 15 % կամ 7 մմ-ով»։

  • Կիսվել: