«Հյուսիս–հարավի» մի հատվածը գրեթե մեկ ժամով կկրճատի դեպի Իրանի սահման տանող ճանապարհը
Հայաստանում ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում 54 կմ-ով կամ գրեթե մեկ ժամով կկրճատվի դեպի Իրանի սահման տանող ճանապարհը։ Սա հնարավոր կդառնա «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման նախագծի չորրորդ ճանապարհահատվածի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտի հիմնադրամը։
Սիսիան-Քաջարան նոր ծրագրով 60կմ երկարությամբ կառուցվելիք ճանապարհը նախատեսված է միջազգային չափանիշներին համապատասխան, ըստ հիմնադրամի՝ ունենալու է անվտանգային նորագույն համակարգեր։ Ծրագրվում է, որ այս ամենի արդյունքում մեծանալու է առևտրի շրջանառությունը, նվազելու են բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծախսերը և այլն։
Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով կատարվում է հողերի օտարման, նաև փոխհատուցման գործընթացը։
Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի համար ազդեցության են ենթարկվել 576 հողատարածքներ, որոնցից 190-ը (33%) օտարվել են ՀՀ–ին։ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։
Հավելենք, որ այս ճանապարհահատվածում նախատեսվում է կառուցել 27 կամուրջ, 9 թունել, 3 տրանսպորտային հանգույց, մոտ 100 արհեստական կառուցվածք:


