հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում մեծարել է պրոդյուսեր և բժիշկ Էրիկ Էսրայիլյանին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում մեծարել է պրոդյուսեր և բժիշկ Էրիկ Էսրայիլյանին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բարձր է գնահատել բժիշկ, UCLA-ի Մարսողական օրգանների հիվանդությունների Վաչե և Թամար Մանուկյան բաժանմունքի վարիչ, պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանին՝ մարդկությանը մատուցած բացառիկ ծառայության համար: Էսրայիլյանն առաջին հայազգի մարդն է, որն արժանացել է Բենեմերենտիի մեդալին:

«Անկեղծ ասած՝ դա ցնցող և պարտավորեցնող է»,- ասել Էսրայիլյանը, որը մրցանակը ստացել է նոյեմբերի 6-ին Վատիկանում: «Չեմ կարծում, որ ես արժանի եմ այս պատվին: Ամբողջ աշխարհում կան մարդիկ, որոնք կյանքեր են փրկում և օգնում մարդկանց շատ առումներով, բայց ճանաչում չեն ստանում»,- նշել է նա։

Էսրայիլյանը պարգևատրվել է ամբողջ աշխարհում կատարած իր մարդասիրական ջանքերի համար: Նա նաև աջակցել է ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործին՝ դառնալով «Խոստումը» և «Ֆրանչեսկո» ֆիլմերի պրոդյուսեր: Վերջինը վավերագրական ֆիլմ է, որում ներկայացված են հարցազրույցներ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ՝ ցեղասպանության և մարդկության դեմ այլ հանցագործությունների ճանաչման կարևորության մասին։

Էսրայիլիանն ասել է, որ գիտությունն ու պատմությունները կարող են հզոր ազդեցություն ունենալ՝ յուրաքանչյուրն առանձին և միասին:

«Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Ֆիլդինգի հանրային առողջության դպրոցում (UCLA Fielding School of Public Healt) և Կալիֆոռնիայի համալսարանին կից Անդերսոնի կառավարման դպրոցում (UCLA Anderson School of Management) ուսանելու ժամանակ ես ավելի շատ բան իմացա այն մասին, թե ինչպես օգնել մարդկանց մի ամբողջ խմբի։ Կալիֆոռնիայի համալսարանը Լոս Անջելեսում այժմ իմ տունն է, և ես բախտավոր եմ՝ միավորելու բոլոր հմտությունները, որոնք ձեռք եմ բերել կյանքի ճանապարհին՝ օգնելու մեր համալսարանին և հասարակությանը:

Մենք ինչքան լավ ներկայացնենք թե՛ մարդու իրավունքների խնդիրների, հանրության մասին մեր առողջապահական ծրագրերը, թե՛ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողներին, գիտնականներին ու դասախոսներին բարեգործական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, այնքան ավելի կհետաքրքրենք մեր շահագրգիռ կողմերին»,- ասել է Էսրայիլյանը:

Բենեմերենտիի մեդալն առաջին անգամ շնորհել է Պիոս VI պապը 1700-ականների վերջին։ Մրցանակն ի սկզբանե եղել է զինվորական պարգև, սակայն 1920-ականից այն շներհվել է նաև քաղաքացիական անձանց, այդ թվում՝ աշխարհականների և հոգևորականության ներկայացուցիչների:

  • Կիսվել: