Հռոմի Ֆրանցիսկոս պապը եկեղեցին վերանորոգելուն միտված որոշումներով նոր էջ բացեց կաթոլիկ եկեղեցու կյանքում. Արամ Ա
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը Վատիկանի պետական քարտուղարին ուղղած նամակով իր խորին ցավակցությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։
Նա ընդգծել է, որ Ֆրանցիսկոս պապը եկեղեցին վերանորոգելուն ուղղված մի շարք համարձակ քայլերով նոր էջ է բացել կաթոլիկ եկեղեցու և մտածողության մեջ։
«Ֆրանցիսկոս պապը շեշտել է միջեկեղեցական շարժման կարևորությունը, զորակցել է անարդարության զոհ ժողովուրդներին՝ պաշտպանելով արդարությունը, ընկերային ծառայությունը համարել է եկեղեցու առաքելության կարևոր գործոններից մեկը։ Արդարացիորեն, նա իր օրինակելի համեստությամբ ու պարզությամբ դարձավ «ժողովրդի՛ Պապը» »,- ասվում է նամակում։
Վեհափառ Հայրապետն իր նամակում նաև անդրադարձել է Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջ կեցվածքին, ինչպես նաև Արցախի հայության նկատմամբ նրա ցուցաբերած զորակցությանը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վախճանվել է ապրիլի 21-ին։ Նա 88 տարեկան էր։ Վատիկանը դեռ չի հայտնել հուղարկավորության օրը, սակայն այն պետք է տեղի ունենա նրա մահից չորսից վեց օր հետո: Հրաժեշտի պաշտոնական արարողությունն ավանդաբար տեղի է ունենում Սուրբ Պետրոսի հրապարակում։