շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում

Հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում

Գեղարքունիքի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհիհետևանքով մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մահացած մեկ զինծառայողի դին հայտնաբերվել է կացարանի նախասրահում` ննջասենյակից դուրս։ Այս մանրամասները Հանրային հեռուստատեսության եթերում հայտնեց Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:
 
Նրա խոսքով` փրկարար ծառայության ներկայացուցիչ Արսեն Սարոյանի` կրկին Հանրայինի եթերում հնչեցրած վարկածը, թե բոլոր զինծառայողների դիերը մահճակալների վրա են եղել, ցուցմունքով հերքվել է։ Նա իր ցուցմունքում նշել է, որ ինքը դեպքի պահին դեպքի վայրում չի եղել, բանավոր հաղորդված տեղեկություններն էլ, որ զինվորները ննջասենյակում են հայտնաբերվել, այլ կերպ է ընկալել։
 
«Այդ զորամասին ռազմական մեքենաների համար տրվել է 80 լիտր բենզին, որը լցված է եղել 10 տարաների մեջ։ Ավտոտնակում եղած հինգ լիտրանոց 10 տարաներից մեկը դեպքից հետո այնտեղ չի եղել։ Այն ենթադրաբար օգտագործել են վառարանը վառելու համար»,–ասաց Մարտիրոսյանը։
Դատախազությունը նաև ստուգում է մահացած զինծառայողների հարազատների պնդումները, թե կապիտան Եղիշե Հակոբյանի և զինվորների միջև լարված հարաբերություններ են եղել: Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի խոսքով` Եղիշեն այդ կացարանում չի ապրել, զինվորների հետ շատ շփվելու հնարավորություն չի ունեցել։
Հայտնել էինք, որ հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը կազդուրվելուց հետո պատրաստակամ է ցուցմունք տալ և ամենայն մանրամասնությամբ խոսել այն ամենի մասին, ինչ իրեն հայտնի է։

  • Կիսվել: