հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրամանատար, որն իր ուսերին կրեց Հայրենական պատերազմի ծանրությունը. Երևանում նշվեց մարշալ Բաղրամյանի հոբելյանը

Հրամանատար, որն իր ուսերին կրեց Հայրենական պատերազմի ծանրությունը. Երևանում նշվեց մարշալ Բաղրամյանի հոբելյանը

 Խորհրդային նշանավոր հրամանատար, Հայրենական մեծ պատերազմի բանակների և ճակատների հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի ծննդյան 125-ամյակի առթիվ մի խումբ պատմաբաններ, հասարակական գործիչներ, նրա հարազատները զեկույցներով անդրադարձան Բաղրամյանի կյանքի հայտնի և անհայտ էջերին, նրա մեծությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոբելյանական միջոցառումը տեղի ունեցավ Երևանի ռուսական տանը:

Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միության հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանի խոսքով՝ մարշալ Բաղրամյանն այն տաղանդավոր զորավարներից էր, որն իր ուսերին կրեց Հայրենական մեծ պատերազմի ծանրությունն ու փառքով պսակեց մեր ժողովրդի անունը: «Պատահական չէ, որ նա արժանացել է կրկնակի հերոսի և մարշալի կոչմանը: Ցավով եմ նշում, որ չարժանացավ հաղթանակի շքանշանի. հավանաբար դրանում դեր խաղաց նրա՝ հայ լինելը: Հաղթանակի շքանշանը տրվեց այլ մարշալի և դա եղավ այն դեպքում, երբ Քյոնիգսբերգի օպերացիան ամբողջությամբ կազմել էլ Բաղրամյանը, սակայն, երբ այն պետք է իրականացվեր, այն հանձնեցին մարշալ Վասիլևսկուն, և նա, կատարելով օպերացիայի ամբողջ խնդիրները, արժանացավ հաղթանակի շքանշանի»,-պատմեց Եսայանը:

 

Գնդապետն ընդգծեց, որ հայ ժողովուրդը խոնարհաբար կհիշի Բաղրամյանին՝ որպես մեր ազգի աննկուն զավակի: «Հայրենական մեծ պատերազմում հինգ հայ մարշալ ենք ունեցել: Նրանցից յուրաքանչյուրին ապագա սերունդներին ճանաչելի դարձնելը կլինի ամենամեծ ռազմահայրենասիրական դաստիարակությունը»,-շեշտեց Եսայանը:

 

Մարշալ Բաղրամյանի հարազատներից գնդապետ Արթուր Բաղրամյանը  կարևորեց նման  միջոցառումների անցկացումն ու շեշտեց, որ ամբողջ տարվա ընթացքում հնարավոր է մարշալ Բաղրամյանի պես մեծանուն մարդկանց հոբելյաններ նշել, քանի որ հայ ազգը բոլոր ասպարեզներում է շատ տաղանդավոր զավակներ ունեցել:

«Իմ զինվորական ծառայությունը նոր էր սկսվում, և ես մարշալ Բաղրամյանի հետ շփվելու հնարավորություն եմ ունեցել երկու տարի: Հպարտանում եմ նրանով: Այս սերունդը պետք է Բաղրամյանի և նրա պես մեծություններին ճանաչելով կրթվի ու հայրենասեր դառնա»,-նշեց նա:

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն էլ ընդգծեց՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայկական սփյուռքը հպարտանում էր նրանով, որ մարշալ Բաղրամյանը հայ է: «Այդ փաստը կարևոր դերակատարություն ուներ արտերկրում ապրող հայերի՝ Խորհրդային Միության և Կարմիր բանակի գործունեությանն աջակցելու գործում: Բոլորը հասկանում էին, որ մարշալ Բաղրամյանը և 100 հազարավոր այն հայերը, որոնք կռվում էին Խորհրդային Միության կողմից, անգնահատելի ներդրում ունեն համամարդկային չարիքի դեմ պայքարում»,-շեշտեց նա:

Զեկույցներից բացի կլոր սեղանի շրջանակում ներկայացվեց ՀՀ ազգային կինոֆոտո արխիվի 20 րոպեանոց բացառիկ ֆիլմը՝ մարշալներ Բաղրամյանի և Բաբաջանյանի հայրենի գյուղի՝ Չարդախլուի մասին՝ «Մի՛ զանգիր, զանգ, մի՛ զանգիր…», նկարահանված անցյալ դարի 60-ական թվականներին:

Միջոցառումը կյանքի կոչվեց Երևանում ռուսական տան և մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միության հասարակական կազմակերպության ջանքերով:

  • Կիսվել: