կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՌԱՀ-ի նախագահն ընդունել է ռուսական պատվիրակությանը․ «Радио Sputnik»-ի հաղորդումների հեռարձակումը չի վերականգնվի

ՀՌԱՀ-ի նախագահն ընդունել է ռուսական պատվիրակությանը․ «Радио Sputnik»-ի հաղորդումների հեռարձակումը չի վերականգնվի

Հունվարի 5-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդունել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային գործակալության գործադիր տնօրեն, Радио Sputnik ընկերության գլխավոր խմբագիր, ՌԴ Նախագահին կից «Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի» անդամ Կիրիլ Վիշինսկուն և Радио Sputnik-ի գլխավոր խմբագրի տեղակալ Անդրեյ Բլագոդարենկոյին, վերջիններիս խնդրանքով, գրում է Ազատությունը:  

Հանդիպման առիթ էր հանձնաժողովի որոշումը՝ 30 օրով կասեցնելու «ՏՈՍՊԱ» ռադիոընկերության լիցենզիայի գործողությունը: Հակոբյանն ընդգծել է, որ այդ որոշումը փաստարկված է և իրավական առումով անխոցելի` շեշտելով անթույլատրելիությունը ՀՀ տարածքում սփռելու «Пятница с Тиграном Кеосаяном» հաղորդաշարը, որը լի էր հերյուրանքներով, բամբասանքներով, զրպարտություններով, Հայաստանի Հանրապետության հանդեպ վիրավորանքներով, կեղծ ու չճշտված տեղեկատվությամբ:

Նա ընդգծել է, որ ՀՀ կարգավորող մարմնի կայացրած որոշման վերաբերյալ ռուսական կողմի արձագանքները զարմանք են առաջացնում և չեն համապատասխանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ոգուն:

ՀՌՀ նախագահը ռուսաստանցի գործընկերներին փոխանցել է Հանձնաժողովի տեսակետը, որ «ՏՈՍՊԱ»-ի լիցենզիայի գործողության վերականգնման համար դեռևս նախադրյալներ չկան, քանի որ, ո՛չ «ՏՈՍՊԱ»-ն, ո՛չ «Радио Sputnik»-ը «Пятница с Тиграном Кеосаяном» հաղորդաշարի բովանդակության վերաբերյալ պաշտոնական տեսակետ չեն արտահայտել:

Վիշինսկին կարևորել է, որ կարգավորող մարմնի կողմից վարչական վարույթ հարուցելուց անմիջապես հետո տվյալ հաղորդաշարը հեռացվել է ռադիոընկերության եթերացանկից, և հետագայում «Sputnik Армения»-ն խմբագրական քաղաքականությունը մշակելու և իրականացնելու է՝ հիմքում ունենալով ՀՀ օրենսդրությունը և ինքնիշխան պետությունների դաշնակցային, փոխհարգալից համագործակացությունը:

 

  • Կիսվել: