երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀԿԵ շարժակազմը կհամալրվի ուղևորատար երկու նոր էլեկտրագնացքներով և 27 վագոնով

ՀԿԵ շարժակազմը կհամալրվի ուղևորատար երկու նոր էլեկտրագնացքներով և 27 վագոնով

Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմը շուտով կհամալրվի «Տրանսմաշհոլդինգի» արտադրության ուղևորատար երկու նոր էլեկտրագնացքներով ու 27 վագոնով՝ հայտնում են Հարավկովկասյան երկաթուղուց:
 
Նոր ուղևորատար վագոնները, որոնք սպասարկելու են միջազգային ուղղությունը, Հայաստան են բերվելու այս տարվա մայիս-հունիսին, իսկ ներհանրապետական երթուղիների համար նախատեսված նոր էլեկտրագնացքները՝ մինչև օգոստոսի 1-ը:
 
Նոր շարժակազմը «Տրանսմաշհոլդինգի» ամենաժամանակակից սերիական արտադրանքն է, որը համապատասխանում է ուղևորափոխադրումների հարմարավետության և անվտանգության բոլոր պահանջներին:
 
 
ԷՊ2Դ էլեկտրագնացքները հագեցած են անվտանգության պասիվ համակարգերով, հատուկ միկրոկլիմայի ապահովման համակարգով, օդի ախտահանման մոդուլներով և էկոլոգիապես մաքուր զուգարանային սարքավորումներով:
 
Ուղևորատար վագոններում կգործեն վաճառքի ավտոմատներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են էլեկտրական վարդակներով կամ USB միակցիչներով, ինչպես նաև զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի ապարատներով:
 
 
61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ: ՀԿԵ-ի ցանկություններին համապատասխան, վագոններում կկիրառվի հատուկ գունային գամման:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: