երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հիմա մարդիկ Վարդենիսում մնացել են լքված. վարդենիսցի

Հիմա մարդիկ Վարդենիսում մնացել են լքված. վարդենիսցի

Վարդենիսն ունեցել է լավ զարգացած տնտեսություն, թե գյուղատնտեսություն, թե տավարաբուժություն, թե արդյունաբերություն, իսկ հիմա մարդիկ գործ չունեն. արդյունաբերությունը կանգնել է, անասնապահությունը կանգնել է, ցորեն, գարին չի վաճառվում, կարտոֆիլը չի վաճառվում, գյուղացին մնացել է մեն մենակ: Այս մասին, այսօր Վարդենիսում բողոքի ակցիայի ժամանակ նշեց Վարդենիսի բնակիչներից մեկը:

«Հիմա էլ ենթակառուցվածքները տեղափոխում են այլ տարածքներ՝ Մարտունի, Գավառ: Իսկ նախկինում թե Մարտունին, թե Ճամբարակը գալիս մեզ մոտ էին առեւտուր անում:

Հիմա մարդիկ մնացել են մենակ, լքված ու այդ հուսախաբությունը տանում է անտարբերության, իսկ անտարբերությունը երկրի կորուստն է»,-ասաց նա:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են: Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։

Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես ինչպես արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»:

  • Կիսվել: