երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հիմա կնունքից կամ հարսանիքից առաջ պետք է հետաքրքրվես՝ այդ քահանան ՔՊ–ական է, թե ոչ. Բանավեճ քաղաքացիների միջև

Հիմա կնունքից կամ հարսանիքից առաջ պետք է հետաքրքրվես՝ այդ քահանան ՔՊ–ական է, թե ոչ. Բանավեճ քաղաքացիների միջև

Երևանի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցու բակում բանավեճ է ծավալվել ՔՊ–ական երիտասարդի և երկու քաղաքացիների միջև, որոնցից մեկը Ամենայն հայոց կաթողիկոսի աջակիցներից էր։

«Ինքը դավաճանո՞ւմ է Աստծուն, թե չէ, դուք ասեք։ Եթե ինքը երդում է տալիս, ասում է՝ ես ընդունում եմ կուսակրոնության ուխտը, հետո զավակ է ունենում, դա ոնց կբնորոշեք»,– հարցրեց ՔՊ–ական երիտասարդը։ Ի պատասխան քաղաքացիներից մեկն ասաց, որ դրանով կաթողիկոսը դրժում է իր ուխտը, իսկ մյուսն ասաց. «իսկ ի՞նչ գիտեք որ ունի, դա ձեր ՔՊ–ականների վառ երևականության արդյունքն է»։

Դիտարկմանը, որ հայտնի է նրա զավակի և անունը, և հասցեն, և կաթողիկոսն էլ դա չի հերքել, քաղաքացին հակադարձեց. «Չեն հերքում, որովհետեւ չեն ուզում մակարդակը իջեցնեն և ձեզ հետ ձեր լեզվով խոսեն։ Այսօրվա երկրի ղեկավարի ասածը իրենք և մենք առհասարակ, լուրջ չենք ընդունում։

2018 թվից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ ու ժողովրդին բաժանեց սևերի ու սպիտակների, այսօր ամեն մեկս ընկած մեղավորներ ենք ման գալիս։ Այս ամենի մեջ մենք ենք մեղավոր, մենք ենք բերել իրեն իշխանության, ու հիմա պրոբլեմի մեջ ենք։ Հիմա եթե կնունքի կամ հարսանիքի արարողություն լինի, նախապես պետք է հետաքրքրվես, տեսնես՝ այդ քահանան ՔՊ–ական է, թե ոչ»։

Մյուս քաղաքացին էլ նշեց. «Ինքը 2018–ին պետք է ելներ ժողովրդի դիմաց խոսեր, ժողովրդին հանդարտեցներ։ Վազգեն Առաջինը իսկական եկեղեցու առաջնորդ էր»։

  • Կիսվել: