երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ–ում ու տարածաշրջանում արևային առաջին լողացող էլեկտրակայանը կկառուցվի Երևանյան լճի վրա

ՀՀ–ում ու տարածաշրջանում արևային առաջին լողացող էլեկտրակայանը կկառուցվի Երևանյան լճի վրա

Հայաստանում արևային առաջին լողացող էլեկտրակայանը կկառուցվի Երևանյան լճի վրա։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծից, որով կայանի կառուցման համար անհրաժեշտ սարքավորումները ՀՀ ներմուծելու համար մաքսային արտոնություն է տրամադրվել։
 
Որոշման նախագծի համաձայն` տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ մասերի, նյութերի ներմուծումն իրականացվելու է մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը ներառյալ։
Ծրագրի իրականացման համար Ֆրանսիայից Հայաստան է ներկրվելու ֆրանսիական արտադրության 1350 հատ լողացող արևային կայանի հարթակներ (պլաստմասսայից), ջրակայուն, չժանգոտվով տարբեր կառուցատարրեր ու այլ անհրաժեշտ միավորներ` 55 628 026 դրամ արժեքով։
 
Երևանյան լճի վրա նախատեսվում է կառուցել 151 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արևային ֆոտովոլտային կայան: Այն միակը կլինի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։
 
Կայանը շահագործելու է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը։ Այն հանդիսանալու է հիմնադրամի սեփականությունը։ Հիմնադրամը ստանալու է էլեկտրաէներգիայի գնման երաշխիքով էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա։
«Հայաստանում լողացող արևային կայանների զարգացման ծրագիրը» մշակվել ու իրականացվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և ֆրանսիական NEPSEN կազմակերպության համագործակցությամբ։ Այդ նպատակով ուսումնասիրվել են Հայաստանի ջրային ռեսուսներն ու դրանց վրա լողացող արևային կայանների կառուցման և շահագործման տեխնիկատնտեսական իրագործելիությունը։ Ծրագիրը ամբողջությամբ ֆինանսավորվում է Ֆրանսիայի հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ՖԱՍԵՊ (FASEP) ծրագրի կողմից։

  • Կիսվել: